Մատթ. 6.16-18 - «Եւ  երբոր ծոմ էք պահում, տրտում մի լինիք ինչպէս կեղծաւորները... Բայց դու ծոմ պահելիս, գլուխդ  օծիր եւ երեսդ լուա. Որ մարդկանց ծոմ պահող չերեւաս, այլ քո Հօրը՝ որ ծածուկումն է. եւ քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցանէ քեզ»։

«Յուրաքանչյուրը կարող է հրաշքներ գործել, յուրաքանչյուրը կարող են հասնել իրենց նպատակներին, եթե նրանք ընդունակ են մտածելու, սպասելու և ծոմ պահելու» Հերմանն Հեսե:

Ի՞նչ է ծոմապահությունը. այն աղոթքի տեսակ է, որի ժամանակ դու քեզ զրկում ես ինչ-որ բաներից, որոնք հանդիսանում են քո սնունդը, զբաղմունքը, և ավելի գնում ես աղոթքի և Աստծո հետ ժամանակ անցկացնելու։

Երբ մարդ հրաժարվում է իր զորության աղբյուրից, որը սնունդն է, դրանով մենք ընդունում ենք մեր անկարողությունը և ասում՝ «Տե՛ր, Դու միջամտիր, Դու լուծիր այս խնդիրը. մենք անգամ հրաժարվում ենք մեր մարմինները զորացնող միջոցից՝ ցույց տալով, որ մենք չենք կարող և Քեզ ենք ապավինում»։

Ծոմապահությունը, բացի այն, որ հոգևոր և մարմնավոր խնդիրներ է լուծում, նաև հանդիսանում է խոնարհեցման միջոց։ Ծոմապահությունը քրիստոնեական  կարգապահության ամենաուժեղ ճանապարհն է:
Այն նաև պայքար և պատերազմի հարթակ է հակառակորդի, հին մարդու և աշխարհի հետ։

Կան ծոմի տարբեր տեսակներ.
  • Ամբողջական ծոմ՝ հրաժարվել հացից և ջրից։
  • Օգտագործել միայն ջուր։
  • «Պաս»՝ հրաժարվել յուղալի կերակուրներից, մսից, հացից, քաղցրից և ամեն տեսակ հեղուկից՝ բացի ջրից:
  • Վերջին շրջանում ծոմի տեսակ է համարվում նաև հրաժարվելը որևէ սիրած բանից կամ զբաղմունքից։ Հիմնականում այս ծոմի տեսակը բացատրվում է հենց այդ բաներից որպես ժամանակավոր հրաժարում:
    Ժամանակ – սա անհատի անձնական որոշելիք հարցն է, թե քանի ժամ, օր կցանկանա և կկարողանա մնալ ծոմի մեջ՝ լուսաբացից մինչև կեսօր, լուսաբացից մինչև արևամուտ, արևածագից մինչև հաջորդ արևածագ, 3 օրյա ծոմ, 21 օրյա ծոմ…
Ծոմապահությունը նպաստում է.
  1. Որ մենք Աստծո ներկայությամբ լցվենք. այն միջոց է՝ վերականգնելու Նրա հետ մեր ունեցած փոխհարաբերությունը: Ծոմը օգնում է Սուրբ Հոգուն՝ ցույց տալ մեզ  մեր իրական կարգավիճակը:

Ա Թագ.7.3 - «Այն ժամանակ Սամուէլն Իսրայէլի բոլոր տան հետ խօսեց ասելով. Եթէ դուք ձեր բոլոր սրտովը դարձել էք Տիրոջը, ձեր միջից հեռացրէք օտար աստուածները եւ Աստարովթը, եւ ձեր սիրտերը պատրաստեցէք Տիրոջ համար, եւ միայն նորան պաշտեցէք. Եւ նա կազատէ ձեզ Փղշտացիների ձեռքիցը»։

Հովել 1.14 - «Ծոմապահության օր որոշեցեք, հանդէս կանչեցէք. ժողովեցէք ծերերին՝ երկրի բոլոր բնակիչներին ձեր Տէր Աստուծոյ տունը եւ աղաղակեցէք Տիրոջը»։

Հովել 2.28-29 - «Եւ պիտի լինի սորանից յետոյ, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վերայ, եւ պիտի մարգարէանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ Եւ ծառաներին ու աղախիններին վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին»։

Կոռնելիոսն Աստծուց պատասխան ստացավ և հետագայում լցվեց Սուրբ Հոգով: Գործք 10.30-31 - «Եւ Կոռնելիոսը ասեց. Չորս օրից առաջ մինչեւ այս ժամը՝ ծոմ էի պահում եւ՝ իններորդ ժամին իմ տան մէջ աղօթք էի անում, եւ ահա մի մարդ կանգնեց իմ առաջին սպիտակ հանդերձներով, եւ ասեց. Կոռնելիոս, քո աղօթքը լսուեցաւ, եւ քո ողորմութիւնները յիշուեցան Աստուծոյ առաջին»։

Մովսեսը կարողացավ 40 օր Սինա լեռան վրա մնալ առանց ուտելու և խմելու, նա վայելում էր Աստծո ներկայությունը և ստացավ մարդկության համար այդքան կարևոր 10 պատվիրանները։

2. Ծոմը օգնում է մեզ փոխել պատմության ընթացքը.

Բ Մնաց. 7.14- «Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կ'լսեմ երկնքիցը եւ կ'ներեմ նորանց մեղքը եւ կ'բժշկեմ նորանց երկիրը»։

Նինվե քաղաքի 120.000 բնակիչները փրկվեցին, ապաշխարեցին, ծոմ և աղոթք արեցին:
Հովնան 3.5,10 - «Եւ Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները։ Եւ Աստուած տեսաւ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չ'արաւ»։
Միայն 200 տարի հետո կործանվեց Նինվե քաղաքը:

Եսթեր թագուհին 3 օրյա ծոմի կոչ արեց հրեաներին, որը փրկեց նրանց կործանումից:
Եսթեր 4.16-17 - «Գնա ժողովիր Շուշանում գտնուող բոլոր Հրէաներին, եւ ծոմ պահեցէք ինձ համար, եւ երեք օր գիշեր եւ ցերեկ ոչ կերէք եւ ոչ խմեցէք. Ես էլ իմ աղախինների հետ այդպէս ծոմ եմ պահելու, եւ այնուհետեւ թագաւորի մօտ պիտի գնամ թէեւ օրէնք չէ, եւ եթէ կմեռնեմ թող մեռնեմ։ Այն ժամանակ Մուրթքէն գնաց եւ այն ամենին համեմատ արաւ որ Եսթերն իրան պատուիրել էր»։

Դանիելը ծոմ պահեց իր և ժողովրդի մեղքի և ապաշխարության համար.
Դան. 4.20 - «Եւ ես տակաւին խօսում էի եւ աղօթում եւ խոստովանում էի իմ մեղքը եւ իմ ժողովրդի Իսրայէլի մեղքը եւ իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տէր Աստուծոյ առաջին իմ Աստուծոյ սուրբ սարի համար»:

3. Նպաստում է, որ մենք լինենք ազատ ամեն մեղքերից, կապանքներից, բռնվածություններից, դիվական աշխարհից.

Եբր. 12,1 - «Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. Եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը»:

Դան. 9.20 - «Եւ ես տակաւին խօսում էի եւ աղօթում եւ խոստովանում էի իմ մեղքը եւ իմ ժողովրդի Իսրայէլի մեղքը եւ իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տէր Աստուծոյ առաջին իմ Աստուծոյ սուրբ սարի համար»:

Առաջացնում է մեր մեջ մեղքի գիտակցություն և տանում է ապաշխարության։
Կան բաներ, սատանայի կողմից բռնվածություններ, որ միայն ծոմով է լուծվում:
Մարկ. 9.28 - «Եւ նա ասեց նորանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղօթքով եւ ծոմով»։

Ծոմապահությունը պետք է ազատություն բերի:
Ես.58.6 - «Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. Լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. Եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք»։

4. Նպաստում է, որ իմանանք Աստծո կամքը, ունենանք պատասխան անելանելի իրավիճակներում։

Դանիելը 21 օր ծոմի մեջ էր, և Տիրոջ հրեշտակը երևաց նրան և ասաց.
Դան. 10.12,14 - «Եւ նա ինձ ասեց.  Մի վախենար, ով Դանիէլ, որովհետեւ այն առաջի օրիցը որ սիրտ տուիր հասկանալու, եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստուծոյ առաջին,  քո խօսքերը լսուելու են, եւ ես եկայ քո խօսքերի համար։ Եւ ես եկայ քեզ հասկացնելու թէ ինչ պիտի պատահէ քո ժողովրդին  վերջի օրերումը,  որովհետեւ տեսիլքը տակաւին այն օրերի համար է»։

Պողոսը 3 օր ոչինչ չկերավ, մինչև Անանիան եկավ և աղոթեց իր համար:
Գործք 13.2 - «Սորանք երբոր Տիրոջը պաշտօն էին մատուցանում եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց. Ինձ համար որոշեցէք Բառնաբասին եւ Սօղոսին այն գործի համար, որ ես դորանց կանչել եմ»։

5. Նպաստում է, որ մեր գործի կամ ծառայության մեջ արդյունավետ լինենք։

Ծառայության դուրս գալուց առաջ Հիսուսը, Պողոս և Բառնաբասը ծոմ պահեցին.
Գործք 13.3 - «Այն ժամանակ ծոմ պահեցին եւ աղօթք արին, նորանց վերայ ձեռք դրին՝ արձակեցին»։

Ծառայության մեջ՝  Ղուկ. 2.37 «Եւ ութսուն եւ չորս տարուայ չափ որբեւայրի էր, որ տաճարիցը չէր հեռանում. Ծոմերով եւ աղօթքներով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստուծուն»։

Հովհաննես Մկրտիչն իր աշակերտների հետ հաճախ էր ծոմ պահում, այդ իսկ պատճառով նրան սիրում և լսում էին։

6. Ծոմապահությունը օգնում է մեզ, երբ սթրեսների, վախերի և տագնապի մեջ ենք։

Եղիային Աստված հաց տվեց, նա կերավ և 40 օր առանց որևէ բան ուտելու ճամփա գնաց:

Ծոմապահությունը հզոր աղոթքի տեսակ է, որին Աստված հավանում է. այդ ժամանակ է, որ ամբողջությամբ խոստովանում ենք Աստծուն, որ մենք Իրենից կախում ունենք և մարդկորեն ոչինչ անել չենք կարող։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.