Ապագայում ինչ-որ բաներ նվաճելու համար պետք է թողնել անցյալում բաներ, որոնք կարող են շատ լավը, օրհնաբեր լինել, մարդկանց, որոնք մեզ համար շատ թանկ են, բայց ժամանակ կգա, որ նրանք ինքնաբերաբար կխոչընդոտեն մեզ: Թողնելու գործընթացը Աստված գրեթե միշտ թողնում է մեզ վրա, բայց լինում են դեպքեր, որ հենց Աստված է կարգավորում այդ հարցերը։ Օրինակ՝ Հովսեփի Եգիպտոս հասնելը. Աստված բաժանեց հորը իր սիրելի որդուց, որովհետև Հովսեփը երբեք չէր անի այդ քայլը:

Թողնելու գործընթացը շատ ծանր ու դժվարին է, որի ընթացքում քեզ համար գտնում ես ուրիշ հենարան, փարոս, շատ բան ես սովորում, ավելի ես կոփվում, դառնում ազատ, խելացի՝ պատրաստ անմնացորդ նվիրվելու այն գործին, որի համար հետևում թողել ես շատ թանկ ու կարևոր բաներ:

Թողնելու կատարյալ օրինակ է թողել նաև մեր Տերը: Նա թողեց Հորը երկնքում, Իր փառքը, մեծությունը միայն նրա համար, որ մեկ լինի իր հարսի հետ (Եփ. 5.21-33): Սուրբ Գրքում մի քանի տեղ նշվում է, որ «Այրը պետք է թողնի իր հորն ու մորը ու իր կնոջը հարի և մեկ մարմին պետք է լինի» (Ծննդ. 2.24, Մատթ. 19.5-6, Մարկ. 10.6-8)։

Թողնել ծնողներին չի նշանակում չհարգել, չսիրել, մոռանալ նրանց գոյության մասին, առավել ևս անարգել կամ անշնորհակալ գտնվել: Թողնել նշանակում է դուրս գալ նրանց իշխանության, հնարավորության և պատասխանատվության տակից: Այս խոսքերը չեն վերաբերվում միայն տղամարդկանց, այլ նաև կանանց․ թողնելը սահմանված է բոլորի համար (Սաղմ. 45.5): Մեր ծնողները շատ հաճախ մեզ չեն ուզում արձակել, ազատ թողնել՝ վախենալով, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի առանց իրենց:

Իհարկե՛, ծնողի օժանդակությունը նորաստեղծ ընտանիքին երբեք էլ ավելորդ չէ, բայց կան սահմաններ, որոնք պետք չէ անցնել։ Թույլ տալով թե՛ ֆինանսական, թե՛ նյութական և բարոյախրատական օժանդակություններ՝ մենք ինքնըստինքյան մնում ենք նրանցից կախյալ, բայց Աստված ճիշտ հակառակն է կամենում, որ ամուսինները միայն իրենից կախյալ լինեն և մեկը մյուսից, որպեսզի կարողանան նվիրվել միմյանց անմնացորդ և դառնան մեկ մարմին, ունենան նույն միտքը, որն էլ թույլ կտա խուսափել կամ դիմադրել հակառակորդի հարձակումներին:

Առանձին ապրելով՝ ամուսինը ավելի լավ կկարողանա կատարել իր ամուսնական պարտականությունները՝ որպես տան գլուխ, իսկ կինն էլ կնվիրվի միայն իր ամուսնուն:

Սիրելի՛ ծնողներ, որպես մեծահասակներ և ավելի փորձառու կյանքում, փորձեք չխանգարել և չհրահրել, այլ ընդհակառակը՝ ձեր իմաստուն և բարի խորհուրդներով օգնեք ձեր զավակներին՝ չթելադրելով ձեր կամքը ( Հակ. 3.17, 1.5):

Սիրելի՛ երիտասարդներ, մի՛ վախեցեք առանձին ապրելուց, ճիշտ է՝ դժվար կլինի, բայց դա է ճիշտը, վստահեք Աստծուն և հաստատ իմացեք, որ Աստված ընդառաջ կգա ու կօրհնի ձեզ:

Երբ որ ժամանակին թողնեք ձեր ծնողներին, ապա ապագայում հեշտ կլինի ձեզ արձակել ձեր երեխաներին: Հաջող և երջանիկ ընտանիքի գրավականը ճիշտ հիմք դնելն է, կառուցեք ձեր ընտանիքը միայն Հիսուս վեմի վրա:

Ամուսնության մեջ միշտ պահանջվում են զոհաբերություններ: Հասկանալի է, որ ամուսնությունից հետո մենք չենք կարող ապրել այնպես, ինչպես ապրել ենք մինչ այդ: Կան բաներ, որոնք կարիք ունենք թողնելու, ձևափոխելու, որպեսզի կարողանանք նորը ստեղծել՝ միայն հատուկ արդեն «մեզ»:

Լինելով հոգևոր մարդիկ՝ մենք կարիք ունենք Աստծուց իմաստություն ստանալու, որպեսզի ամուսնության սկզբնական շրջանում կարողանանք ճիշտ սիրո հիմք դնել և դրանով ուրախացնել ու երջանկացնել միմյանց:

Հեղինակ՝ Անետա Սարգսյան

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.