Տե՛ր, փրկիր մեզ ինքներս մեզանից... Աղոթք արդարության և խաղաղության համար
Ռավի Զախարիասը այս աղոթքն արել է 2016 թվականի հուլիսի 8-ին՝ Լուիզիանայում, Մինեսոտոյում և Դալլասում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո: Նրա՝ այն ժամանակ ասված այս ողբի և հույսի խոսքերը, կարծես հավիտենական խոսքեր լինեն։ Դրանք արդի են, նույնիսկ, մեր օրերում, երբ մենք սգում ենք մեր ազգի դեմ կատարված վերջին՝ չարության ու անարդարության այնպիսի օրինակները, ինչպիսիք են Ահմուդ Արբերի, Ջորջ Ֆլոյդի և Բրեոննա Թեյլորի սպանությունները:
ՌԶԻՄ-ում (անգլ.՝ RZIM), հատկապես, այս բեկումնային ժամանակներում, մենք պարտավոր ենք պահպանել Ռավիի ժառանգությունն ու նրա խաղաղարար լինելու օրինակը։ Ուղղորդենք մարդկանց դեպի հույսի և արդարության աղբյուրը, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել այս մշակութային ցնցումներն ու հիասթափությունը. գրում է rzim.org-ը:
Միացե՛ք մեզ աղոթքով, մեր ժամանակների արդարության և խաղաղության համար, և թող Աստված, ևս մեկ անգամ մոխրից վերստեղծի գեղեցկություն:
Աստված, մեր երկնային Հայր, մենք մտովի վերհիշում ենք այն օրը, երբ Հիսուսը ծնկի եկավ իր սիրելի քաղաքում և լաց եղավ. «Եթէ դո՜ւ գոնե իմանայիր այս օրուայ օրը քո խաղաղութեան մասին. բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը» (Ղուկ. 19.42):
Մենք այնքան խորը զգում ենք նույն իրականությունը: Մենք լաց ենք լինում մեր քաղաքների համար, կարծես, մենք թաղում ենք մեր մեռելներին: Կրակոցի ձայնն այն նույն սոսկալի ձայնն էր, որ խորտակեց մեր հարաբերությունները: Մենք անվստահության, վրեժխնդրության և զայրույթի վկաներն ենք: Չկա մեկն, ով կառաջնորդի և կղեկավարի մեզ: Ո՞ւմ մոտ գնանք:
Մեր տարբերությունները, կարծես, մեզ ավելի հեռացրել ու բաժանել են: Օ, հրաշքների Աստված, արա՛ այն ամենն, ինչ կարող ես, որպեսզի մեզ փրկես ինքներս մեզանից: Տու՛ր մեզ այնպիսի տղամարդ և կին առաջնորդներ, ովքեր շահագրգիռ կլինեն մեզ հաշտեցնելու: Տու՛ր մեզ առաջնորդներ, ովքեր պատասխանատու կլինեն՝ բուժելու մեր վերքերը, այլ ոչ թե՝ այնպիսիք, որ միայն կհրահրեն ատելություն:
Տու՛ր մեզ հուսադրող ձայն, այլ ոչ թե՝ հուսահատություն: Խնդրում ենք մխիթարել որբացածներին և հանգստություն տալ նրանց, ովքեր ընթանում են Քո ճանապարհով: Մի պահ կանգնեցրու մեզ, որպեսզի կարողանանք մի քանի վայրկյանով կանգ առնել՝ նայելու Քեզ՝ մինչ մեզ համար կարեւոր խնդիրներ լուծելը:
Մենք թափում ենք ուրիշի արյունը, երբ մենք չունենք պատասխան: Դու թափեցիր Քո արյունը՝ որպես մեր միակ պատասխան: Մենք մեզ սպանում ենք, թաղում հուսահատության մեջ: Դու բարձրանում ես՝ հույս տալով մեզ:
Դու ասացիր Պետրոսին հետ քաշել իր սուրը և վերականգնեցիր վիրավորին: Դա այն է, ինչ մենք ցանկանում ենք: Նկատողություն տալ նրան, ով վիրավորելու է և ապաքինում՝ նրան, ով վիրավոր է: Հրաշքների Աստված, խնդրում եմ, կրկին արա՛ դա: Մենք Քո կարիքն ունենք. մեր ազգը Քո կարիքն ունի: Մեր ղեկավարները Քո կարիքն ունեն: Այսօր շատերը չեն վերադառնա իրենց սիրելի ընտանիքներ: Առանց քեզ մենք ոչ մի հույս չունենք: Քեզ հետ է հնարավոր ամեն բան. անգամ մոխրից գեղեցկություն վերստեղծելը: Մենք աղոթում ենք անզեն ճշմարտության և անվերապահ սիրո օրվա համար: Խնդրում եմ, պատասխանի՛ր մեր աղոթքին:
Խնդրեցինք մեր միակ Փրկիչ Քո որդու՝ Հիսուսի անունով։ Ամեն:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը