Թե ինչպես բժշկվեցի քաղցկեղից. վկայություն
Ես 35 տարեկան էի, երբ ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերեցին: Ունեի կին, երեխաներ, և ինձ համար սարսափելի էր մտածել մահվան մասին: Հիշում եմ, երբ ախտորոշման պատասխանը իմացա, տուն վերադարձա, նստեցի բազմոցին ու դառնորեն լաց եղա: Կողքիս նստել էր մայրս, ով ասում էր. «Որդի՜ս, այնքան եմ ուզում օգնել քեզ, բայց չգիտեմ՝ ինչպես»:
Որպես հավատացյալ մարդ՝ ես գիտեի, որ իմ կյանքը Աստծուց է կախված: Եվ իմ առաջին արձագանքը այս ամենին անվերջանալի հարցերն էին՝ ուղղված հենց Նրան: Վերցնելով ձեռքս Աստվածաշունչը՝ ես սկսեցի փնտրել իմ հարցերի պատասխանները:
Եվ պատկերացնո՞ւմ եք, հանկարծ կարդալով Սուրբ Գիրքը՝ իմ աչքերը ասես բացվեցին, և ես տեսա, թե որքան մեղքեր եմ գործել՝ լինելով հավատքի մարդ ու հաճախելով եկեղեցի: Այդ ժամանակ մի կողմ թողեցի իմ բոլոր հարցերը և խնդրեցի Տիրոջը. «Օգնի՛ր գիտակցել ինձ իմ բոլոր մեղքերն ու սխալները: Օգնիր, քանի դեռ կենդանի եմ, ուղղել այդ բոլոր սխալները, որպեսզի երբ ժամանակը գա Քո առջև կանգնելու՝ լինեմ մաքուր»:
Եվ իմ հիշողությունը ասես բացվեր, ու ես հերթով տեսնում էի, թե ինչեր էի արել: Հիշեցի՝ ինչպես էի մի անգամ վիրավորել տարեց մարդու, ինչպես էի անարդար վարվել իմ ընկերների հետ, ինչպես էի ստել… Ես քարացել էի, ուժ գրեթե չունեի շարժվելու, քանզի կարճ ժամանակում կորցրել էի 35 կգ, չէի կարողանում երկար խոսել, մանկական ձայները նյարդայնացնում էին ինձ, դարձել էի դյուրագրգիռ և այլն:
Բայց, հիշելով իմ բոլոր չար գործերը, ես մի կերպ հավաքեցի բոլոր ուժերս, գտա այն մարդկանց հեռախոսահամարները, որոնց հետ վատ էի վարվել և հերթով զանգեցի. «Ներեցե՛ք, խնդրում եմ, որ տարիներ առաջ ձեզ հետ վատ եմ վարվել»: Եվ բոլոր մարդիկ, ում ես զանգում և ներողություն էի խնդրում, ասում էին. «Ես քեզ ներում եմ, միայն թե՝ դու ապրի՛ր»:
Զարմանալի ազատություն էր գալիս հոգուս մեջ: Եվ բոլորին, ում ես ճանաչում էի, նշանակություն չուներ, թե ով որ եկեղեցին էր հաճախում, միայն թե քրիստոնյա լինեին, խնդրում էի, որ աղոթեն ինձ համար: Տարբեր հարանվանություններից մարդիկ՝ մոտիկ ու հեռու, ոմանց հազիվ էի ճանաչում, աղոթում էին ինձ համար:
Մեկ անգամ նույնիսկ մի 98 տարեկան պապիկ, ում մի ժամանակ մեր գործարանը օգնել էր փոքր հարցում, իմանալով իմ հիվանդության մասին, երկու երիտասարդների էր ուղարկել ինձ մոտ: «Ահա՛, մեր հավատացյալ պապիկը քեզ մեղր է ուղարկել: Եվ խնդրել է փոխանցենք իր խոսքերը. «Կե՛ր, առողջացի՛ր, մենք աղոթում ենք քեզ համար»»:
Նրանց գնալուց հետո ես նստեցի մեր այն նույն բազմոցի վրա ու նորից հոնգուր-հոնգուր լաց եղա, բայց այս անգամ երջանկությունից: «Տե՜ր, ո՞վ եմ ես, որ Դու ինձ այսպիսի սիրով ես շրջապատում»,- ասացի:
Բժիշկները ինձ առաջարկել էին քիմիաթերապիայի կուրս անցնել, և ես չգիտեի՝ ընդունե՞լ դա, թե՞ ոչ, քանի որ գիտեի բազում մարդկանց, որոնք անցել էին քիմիաթերապիա, բայց հետո, միևնույնն է, չէին բուժվել:
Եվ աշնանային մի ուշ երեկո հազիվ քայլելով դուրս եկա մեր բակ, ուր աստղազարդ երկինքն էր: Եվ անկեղծորեն իմ սիրտը բացեցի երկնային Հոր առաջ: «Երկնայի՛ն Հայր, իմ Տեր, իմ Արարիչ, Դու գիտես իմ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջը: Դու գիտես, թե ինչ է կատարվում ինձ հետ:
Բայց ես չգիտեմ՝ ինչպես վարվել: Ես վախենում եմ: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները անհայր մեծանան, քանզի ինքս այդպես եմ մեծացել: Խնդրո՜ւմ եմ, օգնի՛ր ինձ»,- ասացի ես: Եվ այդ գիշեր երազումս տեսա Քրիստոսին, Ով մոտեցավ, բռնեց իմ վախից դողացող ձեռքը և ասաց, որ վստահեմ բժիշկներին»:
Ես, իհարկե, այդպես էլ արեցի, սկսեցի անցնել քիմիաթերապիայի կուրսը: Թեպետ դա շատ դժվար ընթացք էր, բայց ես գիտեի, որ Աստված ինձ հետ է, ու բացի դրանից, հիվանդանոցում կային քաղցկեղով շատ հիվանդներ, և շատերին ես ավետարանեցի՝ պատմելով Հիսուս Քրիստոսի անսահման սիրո ու փրկարար զորության մասին:
Քիմիաթերապիայից հետո բժիշկն ինձ կանչեց իր մոտ և, նայելով անալիզների պատասխանին, ասաց, որ ուռուցքը երկու անգամ փոքրացել է: Դրանից հետո ես անցա նաև ճառագայթման կուրս, որը նույնպես բարդ ընթացք էր ինձ համար, սակայն որից հետո ինձ իսկական հրաշք էր սպասում:
Այս անգամ անալիզների արդյունքը ապշեցուցիչ էր: Ուռուցքը լիովին անհետացել էր, ինքս էլ ինձ շատ լավ էի զգում:
Այդ օրը, երբ դուրս եկա հիվանդանոցից և ինքս էի վարում իմ մեքենան, ոչ թե աղոթում էի, այլ պարզապես գոռում էի ուրախությունից. «Տե՛ր, ի՞նչ կարող եմ անել Քեզ համար»:
Եվ տանը, երբ կարդում էի Աստվածաշունչը, հասկացա, թե ինչ է ամենից շատ ուզում Աստված, որ ես անեմ՝ իմ շուրթերի գոհությունը: Եվ հասկացա նաև, որ բացի ուղղակի Նրան գոհություն ու շնորհակալություն հայտնելուց, իմ շուրթերի գոհությունը կլինի, եթե ես մարդկանց պատմեմ իմ վկայությունը: Հենց այդպես էլ անում եմ մինչ օրս:
Աստված նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան, և ինչպես դարեր առաջ, այսօր էլ Նա շարունակում է բժշկել մարդկանց:
Վիկտոր Կորոբով