Վստահի՛ր կյանքիդ ամեն մի օրը Քո Արարչին, սկսի՛ր օրդ` ամեն բան Նրան հանձնելով:

Ինչպե՞ս է  փոքրիկ երեխան վստահում իր ծնողներին, որովհետև գիտի, որ իր ծնողների մոտ նա ապահով է, որ նրանք հոգ են տանում իր համար, գիտեն՝ ինչ է իրեն անհրաժեշտ և որ ամենակարևորն է՝ նրանք միշտ տալիս են լավագույնը. մեր Հայրը հենց այդպիսի վստահություն է ուզում տեսնել մեր մեջ:

Մեր Հոր գործերն անքննելի են, Նրա ճանապարհները հետաքրքիր և անակնկալներով լեցուն, և Նրա կամքը մեր կյանքերի համար՝ կատարյալ:

Նա իսկապես վերահսկում է մեր ամեն վայրկյանը, Նա գիտի, թե մեզ ինչ է  հարկավոր այս պահին, մեկ ժամ հետո, վաղը և շատ տարիներ հետո. պարզապես մնում է մեր այս պահը, հաջորդ մի ժամը, վաղը և տարիները վստահենք Նրան, հանձնենք Նրա ձեռքերի մեջ:

Գուցե դա մի փոքր դժվար է, գուցե վախենում ես, կասկածում, անհանգստանում՝ տեսնես ի՞նչ է սպասվում ինձ վաղը…  բայց այն կատարյալ կլինի, այո՛, կատարյալ քեզ համար, եթե վստահված է այդ վաղվա օրը Ստեղծողին:

«Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղախության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը» (Երեմիա 29.11):

Մի պահ պատկերացրո՛ւ, Ամենակարող Աստված` երկնքի ու երկրի Արարիչը, խորհում է քո վաղվա օրվա մասին, Նա մտածում ու ծրագրում է այն, որպեսզի քեզ տա բարին, հաճելին ու կատարյալը: Քո Արարիչը, Նա անտարբեր չէ քո ապագայի հանդեպ, Նա խորհում է դրա մասին, Նա արդեն այնտեղ է, պարզապես վստահի՛ր Նրան, հանձնի՛ր Նրան Քո կյանքի ամեն մի օրը, վստահի՛ր Նրան՝ ինչպես փոքրիկ երեխան կվստահի իր հորը…

Քրիստինե Աթոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.