Սխալը պետք է ուղղել ճիշտ ժամանակին
Այսօր մի հետաքրքիր պատմություն կարդացի՝ Երկրորդ Մնացորդաց գրքում: Առաջին հայացքից՝ Մնացորդաց երկու գրքերը շատ նման են Թագավորաց չորս գրքերին: Անգամ պատմությունների կրկնություն է նկատվում, բայց իրականում այսպես չէ: Թագավորաց գրքերում զարգացող իրադարձությունները նկարագրված են մարդկային տեսանկյունից, թե ինպիսի՛ն է այս ամենը երևացել հեղինակի տեսանկյունից: Մնացորդաց գրքերում ներկայացվում է նույն պատմությունը և շեշտը դրվում է Աստծու տեսակետի վրա:
Այս երկու գրքերում խոսվում է կոնկրետ պատմական իրադարձության և դրա նկատմամբ ունեցած Աստծու վերաբերմունքի մասին: Մեր այսօրվա հերոսը Հուդայի թագավոր Ամասիան է, երբ քսանհինգ տարեկանում սկսեց թագավորել Հուդայի մեջ, իր հոր՝ Հովասի փոխարեն: Պատմական այս դեպքերը տեղի են ունեցել մեր թվարկությունից առաջ 9-րդ դարի կեսերին, երբ թագավորությունը ձեռքում ամրապնդելուց հետո՝ Ամասիան որոշում է զինվորական արշավանքի գնալ հարավ և անմիջական ելքի հնարավորություն ստեղծել դեպի Կարմիր ծով: Այս ծրագիրն իրականացնելու համար պետք է նախ վերացներ արգելքը և ոչնչացներ Եդովմացիներին, որոնք բնակվում էին Մեռյալ ծովի հարավային ափերին: Հաշվում է քսան տարեկանից վեր գտնվող մարտիկներին: Պարզվում է, որ երեք հարյուր հազար զինվորից բաղկացած զորք ունի: Չգիտես, թե ինչու, մտածում է, որ այս քանակի զորքը բավարար չէ մտադրությունն իրականացնելու համար և Իսրայելից հարյուր հազար զինվոր է վարձում՝ հարյուր տաղանդ արծաթով:
Ամենայն հավանականությամբ դա այն ժամանակ բավական բարձր գումար է եղել: Ամեն ինչ նորմալ է ընթանում ու պիտի սկսեն իրենց արշավանքը, բայց հանկարծ մի մարգարե է գալիս թագավորի մոտ ու ասում. «Ո՛վ թագավոր, Իսրայելի զորքը քեզ հետ չպետք է գնա պատերազմի, որովհետև Տերը Իսրայելի հետ չէ, այսինքն՝ բոլոր Եփրեմի որդիների հետ չէ։ Այլ դու ինքդ գնա, գործիր, զորացիր պատերազմում, եթե ո՛չ, Աստված քեզ կկործանի թշնամու առջև, որովհետև Աստված զորավոր է՝ օգնելու և կործանելու։ Ամասիան ասաց Աստծու մարդուն՝ Իսկ այն հարյուր տաղանդն ի՞նչ անեմ, որ տվել եմ Իսրայելի գնդին։ Աստծու մարդն ասաց՝ Տերը կարող է քեզ դրանից ավելին տալ։ Եվ Ամասիան զատեց Եփրեմից իր մոտ եկող գնդերը, որ գնան իրենց տեղը, բայց նրանց բարկությունը շատ բորբոքվեց Հուդայի դեմ, և հետ դարձան իրենց տեղը բորբոքված բարկությունով»: Բ Մնաց. 25.7-10
Շարունակության մեջ կարդում ենք, որ հետ ուղարկված Իսրայելի գունդը իր ճանապարհին հարձակվեց Հուդայի քաղաքների վրա, երեք հազար մարդ սպանեց ու մեծ քանակությամբ ավար տարավ:
Հուդայի թագավորը գնաց պատերազմի և հաղթեց թշնամուն, իսկ թե ինչպե՛ս նրանց կուռքերը բերեց Երուսաղեմ ու գնաց կռապաշտության, թողենք մի կողմ: Այս պատմությունը չափազանց ուսանելի և արդիական է յուրաքանչյուրիս համար:
Հաճախ է պատահում, երբ Ամասիայի նման հաշվարկներն ենք կատարում այս կամ այն հարցում ու փորձում ենք շահեկան դուրս գալ ստեղծված իրավիճակից, բայց ճիշտ հակառակն է ստացվում և շահելու փոխարեն սխալվում ենք ու կորցնում: Այս թագավորն իր հաշվարկներում ճիշտ էր, բայց նա նկատի չէր ունեցել Աստծո կարծիքի հետ հաշվի նստելու փաստը: Մարգարեն ասում է. «Աստված զորավոր է՝ օգնելու և կործանելու»: Սա խոսում է այն մասին, որ ամենաճշգրիտ հաշվարկի մեջ անգամ, կարող ենք սխալվել:
Հաղթանակը, գործի մեջ հաջողությունը կախված է, ոչ թե մեր հաշվարկներից, այլ Աստծու օրհնությունից և աջակցությունից:
Սա էլ իր հերթի ենթադրում է ուղղությամբ քայլել և ամեն ինչում մաքրությամբ վարվել: Մարդ արարածը սիրում է ծուռ ապրելը և իր թիկունքում՝ Աստծուն որպես հովանավոր ունենալը: Ո՛չ, այսպես չի լինում և վերը գրված տեքստից հասկանում ենք, որ Տերը դեմ կարող է լինել մեզ և անգամ կործանել թշնամու առջև, եթե մենք արհամարում ենք Նրա կարծիքը և չենք ուղղում մեր ճանապարհները: Չպետք է մեր աչքից վրիպի մի կարևոր փաստ էլ՝ սխալվելու գինը: Հուդայի թագավորի համար այդ գինը հարյուր տաղանդ արծաթ, երեք հազար մարդկային կյանք ու մեծ քանակությամբ նյութական վնաս արժեցավ: Մեզ համար այդ գինը կարող է այլ չափ ունենալ, բայց ստեղծված իրավիճակում ճիշտ պահին կանգնելն ու սխալն ուղղելը խիստ անհրաժեշտ է: Ամասիան լսեց մարգարեի խոսքը և չպահանջեց վարձկաններին վճարած արծաթը, այլապես այս ամենը կարող էր ավելի վատ վերջաբան ունենալ: Մի կողմից՝ չարացած վարձկանները կարող էին ամբողջ Հուդայի երկիրն ավերել, իսկ մյուս կողմից՝ Տերը նրան թշնամու ձեռքը կարող էր մատնել:
Ավելի լավ է ուղղել սխալը և վճարել դրա համար, որքան էլ այն արժենա, քան շարունակել ծուռ քայլելը և մեծ վնաս կրել: Եկեք քննենք մեր անձը, Աստծո լույսի տակ և հաստատ կտեսնենք, թե որտեղ ենք ծռվել:
Հեղինակ՝ Մարատ Զաքարյան