Սատանայի վերջակետը և Աստծո ստորակետը
- Աբրահամն ու Սառան վերջակետ էին դրել իրենց զավակ ունենալու վրա։ Բայց Աստված ջնջեց նրանց վերջակետը և ստորակետ դրեց. այդ ստորակետի անունն էր Իսահակ։
- Հովսեփի եղբայրները վերջակետ էի դրել նրա վրա, բայց Աստված ջնջեց այդ վերջակետը և ստորակետ դրեց, հետո նոր տողից, մի մատ խորքից գրեց մի նոր պատմություն։
- Մովսեսը վերջակետ էր դրել իր ծառայության վրա, սակայն Աստված ջնջեց այդ վերջակետը և ստորակետ դրեց այրվող մորենու մոտ, որը պետք է շարունակվեր շուրջ 40 տարի։
- Հոբի կինն ու ընկերները վերջակետ էին դրել նրա կյանքի վրա։ Բայց Հոբը հետևյալն ասաց. «Տե՛ս, թե որ ինձ սպանի էլ, ես իրեն եմ հուսալու» (Հոբ 13:15): Աստված Իր մատով ջնջեց Հոբի վերջակետերը և ստորակետ դրեց՝ կրկնապատիկ օրհնելով նրան։
- Բաբելոնի Բաղդասար թագավորը ստորակետ էր դրել իր թագավորության վրա։ Նա հափշտակել էր Աստծու տան անոթները և ողջ փառքն իրեն էր վերագրել խնջույքի օրը։ Այդ գիշեր Աստծու մատը հայտնվեց և պատի վրա ջնջեց Բաղդասարի ստորակետը և վերջակետ դրեց նրա կյանքին ու թագավորությանը։
- Սատանան վերջակետ դրեց Հիսուսի վրա, երբ նրան գերեզման դրեցին՝ ի դեմս ծանր և մեծ գերեզմանաքարի։ Սակայն Աստված մի կողմ գլորեց այդ վերջակետը և հարությամբ ստորակետ դրեց։
- Գուցե այսօր սատանան, հիվանդությունը, մեղքը, աղքատությունը, դեպրեսիան ցանկանում են վերջակետ դնել քո կյանքում։ Սակայն վերջին խոսքն Աստծունն է։ Թո՛ւյլ տուր Աստված ջնջի քո վերջակետերը և մի նոր ստորակետ բերի քո կյանքի մեջ։
Վազգեն Զոհրաբյան