Սա է հավատքը, որ հաղթում է
Եվ սա է հաղթանակը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը: Ա. Հովհ. 5.4
Շատ հեշտ է սիրել մեր Փրկչին, երբ կապույտ է երկինքը, երբ ամռան մեղմ քամին մեզ բերում է ծաղիկների եւ վարդերի բույրերը: Այո՛, այդ ժամանակ հեշտ է հնազանդվել Նրա կամքին եվ հոժարությամբ ու ուրախությամբ անցնել կյանքի կարեւոր եւ վարդագեղ հովիտներով ու բլուրներով:
Սակայն, երբ երկինքն ամպամած է եւ անձրեւում է, օդը մշուշապատ է եւ տխուր, ճամփան խորդուբորդ ու քարքարոտ, երբ արեւ չկա եւ չեն մնացել վարդերը կամ անուշաբույր ծաղիկները, եւ ստվերները ծանրանում է մեր ճանապարհին, այդ ժամանակ զգում ենք, թե ինչքա՜ն դժվար է վստահել եւ հնազանդվել Նրան:
Երբ թռչունները վերադառնում են եւ մեր սրտերն ու տները հորդում են իրենց քաղցր մեղեդիներով ու երգերով, այդ ժամանակ, այո՛, այդ ժամանակ մեզ որքան հեշտ է թվում վստահել Նրան եւ երգել նրանց հետ: Սակայն երբ տխրությունն է տիրում մեր շուրջը, մեզ պետք է հաղթական հավատք, որպեսզի վանենք մեր բոլոր վախերն ու կասկածները:
Մեր օրհնյալ Տերը տալիս է մեզ անհրաժեշտ հավատքը, որը հաղթում է: Ուրեմն խնդրենք Նրանից այդ հավատքը եւ վստահենք Նրա խոստումներին: Նա՛ է, որ մեզ առաջնորդում է հեշտ կամ դժվար ճամփաներում, մութ կամ արեւոտ օրերում:
Վստահե՛նք Նրան, երբ մեզ զգում ենք լքված ու միայնակ, երբ մեր հառաչանքների արձագանքները միայն մենք ենք լսում, երբ մեր շուրջը աշխարհի մեքենան դառնում է անդուլ ու միօրինակ՝ առանց մեզ վրա ուշադրություն դարձնելու:
Չփափագե՛նք որեւէ այլ բանի, բացի Իր կամքից, լիովին վստահելով Իրեն եւ շարունակելով հավատալ, որ Նա արթուն է: Ահա այդ ժամանակ կարող ենք ասել, թե սա՛ է հավատքը, որը հաղթում է: Ջորջ Մագդոնալդ
«Վտակներ անապատի մեջ» գրքից