Սա է հաղթությունը
Ամեն կողմից նեղված, բայց ո՛չ ճնշված, կարոտյալ, բայց ո՛չ հուսահատված, հալածված, բայց ո՛չ լքված, զարկված, բայց ո՛չ կործանված, միշտ մեր մարմիններում Տեր Հիսուսի մահը կրելով, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ… Բ Կոր. 4.8-10
Պողոս առաքյալն ասում է. «Միշտ մեր մարմիններում Հիսուսի մահն ենք կրում», սակայն Հիսուսի կյանքը սկսվում է այն ժամանակ մեր ներսում, երբ Ինքը Հիսուսն է գալիս ու բնակվում մեր մեջ: Այդ ժամանակ է, որ մարդը ապրում է ոչ թե իր կյանքը, այլ՝ Հիսուսի:
Սա է հաղթությունը:
Հոգեւոր կյանքում շատերի տկար լինելու պատճառը այն է, որ նրանք ապրում են առանց պայքարի, եւ երբ սկսվում է պայքարը, հուսահատվում են եւ ընկնում:
Երկնքում ոչ մի բանը էժանագին չէ: Մեր փրկությունը արժեցավ Աստծո ամբողջ ունեցածը: Դժվարությունները մեր հավատքի եւ նկարագրի դպրոցներն են: Եթե մեր այս մարմնում եղած ժամանակ մեր մեջ հայտնվի Աստվածային կյանքը, ապա այդ նոր կյանքը՝ այսինքն Տեր Հիսուսի կյանքը ապրելու համար մենք պետք է արյուն թափելու չափ պայքարենք եւ ծնկի եկած ցավ քաշենք:
Մովսեսի մորենու նման, որ այրվում էր բայց չէր սպառվում, եւ մի կողմից չարը այն մարելու նպատակով նրա վրա տեւաբար ջուր էր լցնում, իսկ մյուս կողմից բարի հրեշտակը անընդմեջ յուղ էր լցնում եւ վառ պահում կրակը:
Ով Աստծո տառապող զավակ, դու միշտ հաղթական կմնաս, եթե չարին տեղի չտաս եւ անդադար շարունակես պայքարը նրա դեմ: