Փրկված՝ հույսի միջոցով
Վերջերս ամերիկյան մի լրագրում հետաքրքիր նյութ կարդացի: Մի կին, ում անունը Հոփ (Hope) էր, որը թարգմանաբար նշանակում է հույս, փրկում է մի երիտասարդի, ով ինքնասպանություն դիմելու նպատակով իրեն կամուրջից ցած է նետում դեպի հոսող գետը:
Հոփը, կամ, ինչպես թարգմանաբար նրան կանվանենք՝ Հույսը, պատմում էր, որ նախքան երիտասարդի ցատկելը նրա երեսն այնքան այլայլված էր, որ կարծես օգնություն էր աղերսում մարդկանցից: Երբ երիտասարդը ցատկեց դեպի գետը, Հույսին, ով իր ամուսնու հետ մեքենայով անցնում էր կամուրջի վրայով, մեկ բան էր մնում անելու. նա ցատկեց նրա հետևից, որպեսզի փրկի նրան:
Նա ասաց. «Երբ մենք փրկեցինք նրան և դուրս հանեցինք գետից, նա շարունակ ասում էր, որ հոգնել էր կյանքից, որ նա ոչ ոքի պետք չէր և արժանի չէր, որ իրեն փրկեին: Իսկ ես ասացի նրան, որ եթե նա որևէ մեկին պետք չգար, ապա իր ետևից չէինք ցատկի և փրկի: Այնուհետև նա հարցրեց իմ անունը: Ես պատասխանեցի, որ անունս Հույս է, ինչին նա արձագանքեց՝ հարցնելով՝ Ի՞նչ: Անունս Հո՛ւյս է: Նա երկու անգամ կրկնեց իմ անունը, որից հետո նրա դեմքին ժպիտ հայտնվեց»:
Կյանքից հոգնած և հիասթափված երիտասարդն այդ դիպվածը մինչև իր կյանքի ավարտ չի մոռանա: Նա լավ սերտեց մի կարևոր դաս. մահից իրեն փրկեց Հույսը:
Նորից վերհիշենք Հռոմեացիներին 8.24-ի խոսքերը. «Որովհետև հույսով փրկվեցինք…»։
Այսպիսով, շարունակե՛նք հուսալ, և այդ հույսը կփրկի մեզ: Չմոռանանք ամեն օր հագնել հույսի սաղավարտը՝ թույլ չտալով, որ թշնամին իր կրակոտ նետերով խոցի և հրդեհի մեր միտքը, մեր ներսը:
Վազգեն Արսենի
«Քեզ համար հույս կա»