Փրկության միակ ճանապարհը հավատքի ճանապարհն է
Օրենքի տակ էինք պահված, սպասելով այն հավատքին, որ պիտի հայտնվեր: Գաղ. 3.23
Հին ժամանակներում Աստված մարդուն պահում էր օրենքի տակ, որպեսզի նա իմանար հավատքի արժեքը, որովհետեւ օրենքի միջոցով մարդը պիտի տեսներ Աստծո սրբությունը եւ պիտի անդրադառնար իր մեղավոր լինելուն: Դրանից հետո էր, որ նա ուրախությամբ պիտի ընդուներ հավատքի ճամփան:
Մեր բնույթը, պարագաները, փորձությունները եւ հուսահատությունները, այս բոլորը փաստում են, որ փրկության միակ ճամփան հավատքի ճամփան է: Մովսեսը փորձեց իր միջոցները, անձնական ազդեցությունը եւ նույնիսկ բռնություն գործածեց իր ազգը ազատելու համար, բայց Աստված քառասուն տարի նրան պահեց անապատի մեջ, որպեսզի նա հավատքով պատրաստվի իր համար Նրա կողմից որոշված գործին:
Աստված Պողոսին եւ Շիղային հրամայել էր, որ Ավետարանը քարոզեն Եվրոպայի մեջ: Նրանք հասան մինչեւ Փիլիպպե եւ այնտեղ սկսվեց նրանց հալածանքը, բանտարկությունը եւ չարչարանքները: Նրանք իրենց հավատքը Աստծո հանդեպ հաստատ պահեցին, զնդանների մեջ եւ իրենց կյանքի ամենամութ օրերում անգամ Աստծուն օրհնություն երգեցին եւ Նա ազատեց նրանց:
Հովհաննես առաքյալը աքսորվել էր Պատմոս կղզին, սակայն իր հավատքը անսասան մնաց իր մեջ, ու եթե այդպես չլիներ, նա երբեք պիտի չկարողանար այդ սքանչելի տեսիլքները տեսներ:
Սիրելի ընթերցող, դու մեծ դժվարության մե՞ջ ես, մեծ հուսահատություններ ունե՞ս, մեծ վի՞շտ, կամ մեծ կորու՞ստ. քաջալերվի՛ր, դրանք քո հավատքի զորանալու համար են: Ընդունի՛ր դրանք: Տերոջդ շնորհակալություն հայտնի՛ր: Նա այդ բոլորը բարիի գործակից պիտի անի, քանի որ Նա գործում է նրանց համար, որոնք հավատքով Իրեն են սպասում: Օրհնություններ, օգնություններ եւ հայտնություններ պիտի ունենաս: Առանց այդ դժվարությունների, դու երբեք պիտի չունենայիր այս բարիքները, որոնք ոչ միայն քոնը պիտի լինեն, այլ նաեւ նրանցը, որոնք տեղյակ եղան քո պարագաներին եւ մանավանդ քո հավատքին:
«Վտակներ անապատի մեջ» գրքից