Փրկության ճանապարհը միշտ չէ, որ հասանելի է
Մի երիտասարդ բազմիցս էր լսել Ավետարանի քարոզությունը, բայց դանդաղում էր Աստծուն դառնալ, որովհետև սիրում էր իր աշխարհային կյանքը և համարում, որ մեկ օր, երբ արդեն հագեցած կլինի իր այդ ապրելակերպից, անպայման կգա Աստծուն:
Նա չէր ցանկանում իր կյանքը Աստծուն նվիրել: Եվ մեկ օր մի այսպիսի երազ է տեսնում:
Երիտասարդը կանգնած էր մի նեղ գետակի ափի երկայնքով, իսկ գետի մյուս կողմում մի հիասքանչ երկիր էր:
Բայց իր համար այն ափի կյանքում, որում ինքը կանգնած էր, ավելի հետաքրքիր ու զանազան էր, քան այն մեկում, չնայած որ այնտեղից բխում էր խաղաղություն և ուրախություն: «Մի քիչ էլ մնամ այստեղ: Երբ որ ցանկանամ՝ միանգամից կանցնեմ այս գետակի վրայով մյուս ափ, միևնույնն է, գետակը շատ նեղ է»,- մտորում է նա և շարունակում գետի երկայնքով քայլել:
Շուտով նկատում է, որ գետն ավելի լայն է դառնում, իսկ ափը, որով քայլում էր՝ ավելի ու ավելի մռայլ: Ինչ-որ մի ձայն ասում է նրան. «Հիմա՛ գետն անցիր», բայց նա, միևնույնն է, շարունակում է իր ճանապարհը: Հոսանքը ավելի է ուժգնանում՝ ավելի ու ավելի բաժանելով երիտասարդին այն խաղաղ ու գեղեցիկ երկրից, որը գետի մյուս կողմում էր: Նրա ճանապարհն էլ ավելի է դժվարանում, իսկ փոքրիկ գետակը, որը նրան բաժանում էր այդ երկրից, դառնում է արդեն լայն ու հորդահոս մի գետ:
Նա կանգ է առնում և սկսում է մտածել, թե ինչպե՞ս այդ հորդահոս ու լայնարձակ գետն անցնի, որ կարողանա այն երկիր մտնել, երբ հանկարծ ականջին մի գոռոզ ձայն է հնչում. «Հիմա արդեն ուշ է»: Սարսափը տիրում է նրան, և նա միանգանից արթնանում է:
Այս երազը հասկացնում է նրան, որ փրկության ճանապարհը, որն այժմ այնքան հասանելի ու հեշտ է թվում, միշտ չէ, որ լինելու է նույնքան հեշտ ու հասանելի: Այսպես նա Աստծուն է դառնում ու հետ դառնում իր մեղսավոր և աշխարհային կյանքից:
Աստվածաշունչն ասում է. «Սակայն մեկ անգամ կխոսի Աստված և մյուս անգամ, բայց մարդս ուշադրություն չի անում, երազում՝ գիշերի տեսիլքում, մարդկանց վրա խոր քուն ընկնելիս, անկողինի վրա քնելիս: Այն ժամանակ նա բանում է մարդկանց ականջը և նրանց խրատելով կնքում է, որ մարդիս հեռացնի վատ գործից և ամբարտավանությունը ծածկի մարդուց: Որ հետ պահի նրա հոգին կորուստից և նրա կյանքը՝ սրով անցնելուց» (Հոբ 33.14-18):
Այո, դեպի Աստված դառնալու ամեն գիտակցված հետաձգված օրը մարդուն ավելի է հեռացնում Աստծուց, և կյանքի այդ հորդահոս «հոսանքը» դառնում է ավելի ու ավելի լայն: Շտապենք, որ մեկ օր մենք էլ չկանգնենք այն գիտակցման առջև, թե ուշ է՝ ոչ երազում, ոչ էլ իրական կյանքում:
Պ. Կ. Շատրով