Փարված Նրան՝ ամուր ու աներեր հավատքով
«Եվ Հակոբը ասաց. չեմ թողնի Քեզ, մինչև ինձ չօրհնես: … Եվ այնտեղ օրհնեց նրան» (Ծննդ. 32.26-29):
Հակոբը Աստծո օրհնությունը պայքարով չվերցրեց, այլ` ամուր փաթաթվելով Նրան: Իր ոտքի ջիղը վնասվել էր և նա այլևս անկարող էր մարտնչել, սակայն նա շարունակեց փաթաթված մնալ, մինչև որ հաղթեց և ստացավ Նրա օրհնությունը:
Մենք չենք կարող ստանալ Նրա օրհնությունը, մինչև որ հավատքի թելերով անքակտելիորեն չփարվենք մեր երկնավոր Հորը:
Ո՞ր մարդկային էակը կարող է որևէ բան վերցնել ամենակարող Աստծուց: Ուժն ու պայքարը չեն, որ հաղթում են, այլ տեղի չտվող հավատքը, որի շնորհիվ հնարավոր կլինի ստանալ Աստծու օրհնությունը: Պետք է փորձենք ոչ թե մեր կամքը պարտադրել, այլ խոնարհ ու հնազանդ հոգիով ասենք. «Ոչ թե իմ կամքը, Տեր, այլ Քո՛նը թող լինի»: Մենք զորավոր ենք այնքան, որքան ամուր և աներեր հավատքով փարված ենք Նրան:
Ջ.Ռ.Մյուլլեր
Չարլզ Ըրչը պատմում է.
-Տղաս ծանր հիվանդ էր, բժիշկները շատ քիչ հույս էին տալիս: Ինչ աղոթք որ գիտեի, կատարեցի, սակայն տղաս հետզհետե վատացավ: Մի օր, երբ նայում էի նրան, հուսահատ ասացի. «Ով Տեր շատ աղոթեցի և արդյունք չտեսա: Հիմա նրան ամբողջությամբ քո ձեռքերին եմ հանձնում ու այսուհետ պետք է սկսեմ ուրիշների համար աղոթել: Եթե Քո կամքն է, որ նրան վեցնես, արա ինչպես որ կկամենաս: Տղայիս ամբողջությամբ Քեզ եմ հանձնում»: Կնոջս ասացի, ինչ որ արել էի: Նա էլ արցունքով Տերոջը հանձնեց մեր զավակին:
Երկու օր հետո, Աստծո մեկ զավակ եկավ և ասաց մեզ. «Ձեր տղայի վիճակը ինձ համար մեծ աղոթքի նյութ է: Վերջապես Տերը ինձ հասկացրեց, որ նա պիտի առողջանա: Հավատացեք Նրան»:
Ուստի սկսեցի կրկին աղոթել, բայց այս անգամ ոչ թե նրա անպայման առողջանալը խնդրելով, այլ ամբողջությամբ թողնելով իմ կամքը և միմիայն Իր կամքը փնտրելով: Դրանից հետո էր, որ մեր տղայի վիճակը սկսեց բարելավվել:
«Վտակներ անապատի մեջ» գրքից