Ուշադիր եղեք Տիրոջ ցուցմունքներին
Երկրաշարժից հետո կրակ եղավ, բայց Տերը կրակի մեջ չէր: Կրակից հետո մի մեղմ ու ցածր ձայն լսվեց: Գ Թագ. 19.12
Երբ մի կնոջ հարցրեցին իր հոգեւոր կյանքի մեջ արագ եւ հեշտ առաջ գնալու մասին, նա կտրուկ պատասխանեց. «Ուշադիր եղեք Տիրոջ ցուցմունքներին»:
Շատերիս Տիրոջը լավ չճանաչելու պատճառը այն է, որ մենք ամբողջ ուշադրությամբ չենք հետեւում Նրա ցուցմունքներին, դրած արգելքներին, Նրա մեղմ հանդիմանություններին: Մեղմ ձայնը հազիվ լսելի է լինում, բայց միշտ առավոտյան զեփյուռի նման զգալի է, որ շոյում է մեր դեմքերը: Այն մեղմ ձայնը, որ խոսում է սրտիդ, եթե ուշադիր լսես, հետզհետե ավելի լսելի եւ հասկանալի պիտի դառնա: Նրա ձայնը խոսում է սիրո ականջին, եւ սիրո ականջը լսում է ամենամեղմ ձայնն անգամ:
Եթե Նրա ձայնին ուշադիր չլինենք, չվստահենք եւ չհնազանդվենք նրան, այդ ժամանակ նա պիտի դադարի խոսել: Նա սեր է, ուստի եթե ուզում ես ճանաչել Նրան, միշտ ուշադիր եղիր Նրա ձայնին եւ ցուցմունքներին: Երբ խոսում ես, ջանա լսել այս մեղմ ձայնը, եւ ուշադիր եղիր խոսացածներիդ: Երբ հստակորեն համոզված ես, որ պետք է ինչ որ բան ձեռնարկես, որ քեզ ճիշտ է թվում, եւ ճիշտ այդ պահին հոգուդ մեջ զգում ես տարբեր համոզմունք, որը սպառնում է նույնիսկ արգելք լինել այդ ձեռնարկիդ, որքան էլ դա դժվար կամ տարօրինակ թվա քեզ, կանգ առ եւ ուշադրությամբ լսիր, սպասելով, որ Աստված քեզ կլուսաբանի Ի՛ր ծրագիրը:
Թույլ տուր, որ Նա՛ անի քո բոլոր ծրագրերը, ամե՛ն բանի համար քո մտքում եւ սրտում, եւ հետո Նա՛ գործածի դրանք: Դու քեզ երբեք իմաստուն մի՛ կարծիր: Երբեմն Նրա ծրագիրը եւ Նրա գործը հակասական են թվում քեզ: Պարզորեն նայիր, վստահիր եւ հնազանդվիր, եթե նույնիսկ չհասկանաս, սակայն Նա ամեն ինչ պիտի ավարտի բարիով: Վստահի՛ր Իրեն:
Ուստի, եթե ուզում ես ճանաչել Նրա ձայնը, երբեք մի մտածիր արդյունքի մասին, Նրան հետեւիր նույնիսկ խավարի մեջ: Նա է քո փառավոր լույսը եւ հետզհետե այնպես կմտերմանաս Նրա հետ, որ ամենածանր փորձություններն իսկ չեն կարողանա քեզ բաժանել քո սքանչելի Բարեկամից:
«Վտակներ անապատի մեջ» գրքից