Ուրախացնել սիրելիին
- Պա՛պ, այգուց հետո գնա՞նք խանութ:
- Գնա՛նք:
- Իսկ պաղպաղակ կգնե՞ս:
- Սկզբում կգնենք ամենակարևորը:
- Իսկ ի՞նչն է ամենակարևորը:
- Ամենակարևորը մայրիկին ուրախացնելն է:
- Բայց ամենակարևորը ձեզ համար ես չե՞մ: Չէ՞ որ ես փոքրիկ եմ…
Հայրը կքանստեց և նայելով տղայի աչքերի մեջ՝ հարցրեց.
- Երբ առավոտյան նստում ես նախաճաշելու, ուտելիքն արդեն պատրաստ ու հաճելի բուրո՞ւմ է: Երբ պատրաստվում ես մանկապարտեզ գնալ, քո հագուստը մաքուր է ու կոկի՞կ: Երբ երեկոյան գալիս ես տուն, այնտեղ ամեն ինչ մաքուր է ու հարմարավե՞տ: Երբ պառկում ես քնելու, մայրիկը քեզ հետաքրքիր հեքիաթներ պատմո՞ւմ է: Մենք տղամարդ ենք և պարտավոր ենք պաշտպանել և ուրախացնել աղջկան, ով մեզ սիրում է: Իսկ մեր աղջիկը ՄԱՅՐԻԿՆ է:
Երեխան երկար լռում էր: Հետո բարձրացնելով հայացքը՝ հարցրեց հորը.
- Իսկ ինչպե՞ս ուրախացնենք այդպիսի լավ աղջկան:
Հայրը ժպտաց, բռնեց տղայի ձեռքը և պատասխանեց.
- Արի՛, ցույց կտամ՝ ինչպես ուրախացնել սիրելի աղջկան…
Եվ նրանք դանդաղ քայլեցին ծաղկի խանութի ուղղությամբ:
Հ.Գ. Սիրելինե՛ր, եկե՛ք պատվենք մեր ծնողներին. չէ՞ որ դա Աստծո պատվերն է: Եվ շնորհակալ լինե՛նք նրանց սիրո, հոգատարության համար: Նաև երախտապարտ լինե՛նք մեր Երկնային Հորը՝ մեզ կյանք պարգևելու և փրկելու համար: