Մի՞թե կա այնպիսի մեկը, որ այնքան քիչ հավատ ունի, որ աղետի ժամանակ կամ դժվարին պահերին իր Աստծո անունը չի կանչում: Ո՞վ օգնություն չի կանչում, երբ դժվարության, մահվան կամ մի առեղծվածի է դեմ առնում, որին նախկինում երբեք չի հանդիպել կամ որն անկարող է հասկանալ: Որտեղի՞ց է գալիս այդ խորը թաքնված բնազդը, որ դուրս է ելնում բոլոր կենդանի արարածների շուրթերից վտանգի պահին: Մի՞թե մեր օգնության կանչը աղոթքի մի ձև չէ: Այսուհետև ես կաղոթեմ, սակայն իմ կանչով ես կհայցեմ ոչ թե օգնություն, այլ ուղղորդություն:

Ես երբեք չեմ աղոթի աշխարհի նյութական բարիքներ ստանալու համար: Ես երբեք չեմ ակնկալի, որ իմ կանչն ինձ կբերի ոսկի, սեր, առողջություն, չնչին հաղթանակներ, հռչակ, հաջողություն կամ երջանկություն: Ես կաղոթեմ միայն, որ ինձ ուղղորդի, թե ինչպես ձեռք բերել այդ ամենը, և իմ աղոթքները երբեք չեն մնա անպատասխան:
Այն ուղղորդությունը, որ ես փնտրում եմ, կարող է գալ կամ չգալ, սակայն մի՞թե սրանցից երկուսն էլ պատասխան չեն: Եթե երեխան հաց է խնդրում իր հորից և չի ստանում այն, մի՞թե դա հենց հոր պատասխանը չէ:

Ես կաղոթեմ, որ այդ ուժն ինձ ուղղորդի հետևյալ կերպ.

«Օ~, ամենակարող Արարի'չ, օգնի՜ր ինձ: Քանզի այսօր աշխարհ եմ դուրս գալիս մերկ և առանց Քո ուղղորդող ձեռքի, ես կշեղվեմ շատ հեռու հաջողության և երջանկության տանող ճանապարհից: Ես չեմ խնդրում ոսկի կամ հագուստ կամ անգամ իմ ունակություններին համապատասխան հնարավորություններ. փոխարենն ուղղորդի՜ր ինձ, որպեսզի ես կարողանամ իմ մեջ զարգացնել այն ունակությունները, որ կհամապատասխանեն ինձ ընձեռնված հնարավորություններին: Դու սովորեցրել ես առյուծին և արծվին որս անել և պայքարել կյանքում իրենց ժանիքներով ու կտուցներով: Սովորեցրու՜ ինձ որս անել բառերով և պայքարել սիրով, որպեսզի լինեմ առյուծ մարդկանց մեջ և արծիվ` շուկայում:
Օգնի՜ր ինձ մնալ խոնարհ խոչընդոտները և անհաջողությունները հաղթահարելիս, սակայն մի՜ թաքցրու իմ աչքերից այն ընծան, որ ես կստանամ հաղթանակի դիմաց:
Ուղղորդի՜ր ինձ, որ կարողանամ քաղել դասեր, թե ինչպես հաջողության հասնեմ` սովորելով նրանց անհաջողություններից: Թո՜ղ որ ես դեմ առ դեմ դուրս գամ այն վախերին, որ կկոփեն իմ ոգին, սակայն շնորհի՜ր ինձ խիզախություն, որ ծիծաղեմ իմ կասկածների վրա:
Օգնի՜ր ինձ ապրել այս օրը, ասես այն իմ վերջինն է: Ուղղորդի՜ր իմ բառերը, որպեսզի նրանք արգասաբեր լինեն, սակայն լռեցրո՜ւ ինձ, երբ ցանկանամ բամբասել, որպեսզի չչարախոսեմ ոչ մեկից: Դարձրո՜ւ ինձ կարգապահ, որպեսզի ես փորձեմ կրկին ու կրկին: Օժտի՜ր ինձ համբերությամբ...  
Օծի՜ր ինձ լավ սովորություններով, որպեսզի վատ սովորությունները չքանան, սակայն ընծայի՜ր ինձ նաև կարեկցանք ուրիշների թուլությունների հանդեպ: Թո՜ղ որ գիտակցեմ, որ ամեն ինչ անցողիկ է, սակայն օգնի՜ր ինձ գնահատել, որ այսօր ես օրհնված եմ: ... Լցրու իմ բաժակը սիրով, որ օտարների հետ ընկերանամ: Սակայն թո՜ղ որ այս ամենում լինի Քո Կամքը: ... Դու ստեղծել ես ինձ ու դարձրել տարբեր ամենից: Ուրեմն` իրո՜ք որ ինձ համար մի հատուկ սահմանված տեղ պիտի լինի: Ուղղորդի՜ր ինձ: Օգնի՜ր ինձ: Ցու՜յց տուր ինձ ուղին:
Թո՜ղ որ ես դառնամ այն, ինչ Դու ինձ համար նախատեսել ես...:

Օգնի՜ր ինձ...:

Ուղղորդի՜ր ինձ, Տե՜ր»:

Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքից

Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.