«Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան» (Եսայի 9.6):

Այս հիասքանչ թվարկումը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին կարևորագույն մարգարեություններից մեկն է, որը խոսում է Նրա առաքելության, ով լինելու, տիեզերքում ունեցած իշխանության և բնույթի ու որակների մասին:

Այս հատվածն այնքա՜ն խորն է ու բազմաբովանդակ, որ կարելի է մի քանի ամբողջական պատգամներ պատրաստել և ժամեր շարունակ բացատրել ու մեկնել այն: Սակայն եկեք այսօր կենտրոնանանք միայն մեկ բառի վրա՝ որովհետև: Այն մեզ կապում է նախորդ խոսքերում շարադրված մտքերին: Խավարում գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ և մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց: Նրա ծանրաբեռ լուծը և նրա մեջքի գավազանը, նրա վրա բռնացողի ցուպը կոտրեցիր, որովհետև մեզ մի Մանուկ ծնվեց և մեզ մի Որդի տրվեց:

Ինչպիսի՜ մեծ փրկություն եղավ մարդկությանը մեր Տիրոջ փառահեղ ծնունդով: Արդյոք այս փրկությունն իրակա՞ն է քո կյանքում: Խավարդ փոխվե՞լ է լույսի: Կոտրվա՞ծ է արդյոք մեղքի ու անիրավության կյանքի լուծը: Ազա՞տ ես խավարի ստրկության մութ ու դաժան իրականությունից: Տեր Հիսուս աշխարհ եկավ, որ քեզ ազատություն շնորհի: Ընդունե՞լ ես Նրա մեծ պարգևը…

Տեր Հիսուսի անունով Նրա բերած ազատության և ազատագրության ցնծությունն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.