Տերը քեզ համար լավագույն դուռն է բաց թողել
Նա էլ հովվեց նրանց իր սրտի ազնվությամբ ու Իր ձեռքերի հմտությամբ առաջնորդեց նրանց: Սաղմոս 78.72
Երբ որոշում առնելու ժամանակ կասկածների մեջ ես, քո դատողությունը ամբողջովին դիր Սուրբ Հոգու տրամադրության տակ եւ խնդրիր Իրենից, որ մյուս բոլոր դռները փակի, եւ բաց թողնի միայն այն, որը համապատասխանում է Իր կամքին: Միեւնույն ժամանակ կյանքդ շարունակիր սովորականի պես, եւ երբ Իր կամքի հայտնությունը կուշանա, երբեք մի՛ կասկածիր, որ դուրս ես եկել Իր կամքից:
Ու մինչ շարունակում ես քայլել, ճանապարհիդ ընթացքում շատ փակ դռներ պիտի տեսնես: Եթե քեզ մնար, գոնե նրանցից մեկը դու՛ պիտի բացեիր: Սակայն շարունակիր ճամփադ, վստահ լինելով , որ Տերը քեզ համար լավագույն դուռն է բաց թողել: Բացի՛ր այն եւ ներս մտիր, այնտեղ պիտի հանդիպես բազում առիթների, որ երբեք չէիր երազած:
Առաջ գնա եւ վստահ եղիր, որ այդ առիթները լավագույն հաջողության պիտի տանեն քեզ:
Շատ անգամ Տերը մեզ առաջնորդում է ելնելով մեր կյանքի պայմաններից: Երբեմն մեզ այնպես է թվում, թե ճամփան բոլորովին փակ է: Քիչ հետո մի փոքր դեպք է պատահում, որ ուրիշների համար թերեւս նշանակություն կամ կարեւորություն պիտի չունենար, սակայն, հավատքի աչքերը շատ բան են տեսնում այնտեղ:
Այդ դեպքերը հաճախ կրկնվում են տարբեր ձեւերով, իբրեւ մեր աղոթքի պատասխան: Նրանք երբեմն անիմաստ պատահարներ չեն, այլ Աստծուց կարգադրված պարագաներ՝ մեզ Իր նպատակին առաջնորդելու համար:
Ու այս աստվածային, օրհնյալ կարգադրությունները հետզհետե պիտի բազմապատկվեն եւ ավելի՛ պիտի պայծառանան, ինչպես քաղաքի լույսերը ավելի լուսավոր են երեւում, քանի դեռ մեր գնացքը մթության մեջ սուրալով մոտենում է նրանց: Ֆ.Պ.ՄԷՅԷՐ
«Վտակներ անապատի մեջ» գրքից