Ցանկացած քրիստոնյայի կյանքում Աստված ուզում է տեսնել վստահություն ուղղված Իրեն: Ամեն իրավիճակում Տերը կամենում է, որ մեր հույսը լինի Նա, և մենք վստահենք Իրեն անգամ ամենաանհնարին իրավիճակի մեջ: Երբեմն այնպես է պատահում, որ քրիստոնյան սկսում է հաշվել իր կարողությունները, դա կարող է լինել ժամանակը, ֆինանսը, գիտելիքները և այլ բաներ, որոնք գալիս են իր մարդկային կարողությունից և դրանցով փորձել ինչ-որ բաներ անել Աստծո և իր համար:

Ինչպես և մեկ անգամ վարվեց Դավիթը՝ արթնացնելով Տիրոջ բարկությունը, երբ հաշվեց Իսրայելի ժողովրդին, ինչո՞ւ...վստահ եմ՝ Դավիթին պարզապես այդ քանակը չէր հետաքրքրում, նա ուզում էր տեսնել՝ որքան է իր զորությունը, որքան ուժեղ է իր թագավորությունը, արդյո՞ք կբավարարի իրեն դժվար իրավիճակի մեջ (Ա Մնացորդաց 21.1-8):

Նույնպես էլ մենք շատ անգամ որևէ բան անելուց առաջ այնքան ենք սկսում հաշվել մեր կարողություններն ու հնարավորությունները, այնքան ենք տարվում մեր հաշվարկներով, որ մոռանում ենք մեր Ամենակարող Աստծո մասին, մոռանում ենք իրական հավատքի մասին, որը գործում է առանց հաշվարկների, այլ՝ վստահությամբ և հույսով՝ ուղղված մեր Հորը:

Հեսու 24.12. «Ոչ քո սրով և ոչ քո աղեղով...»:

Տերը ցույց տվեց Հեսուին, որ այն, ինչ որ անում է, իրենով չէ, որ կարողությամբ չէ, այլ՝ Տիրոջ օրհնությամբ: Տերը միշտ ուզում է ցույց տալ, որ ամեն բան մեր կյանքում Իր միջոցով, Իր կամքով և Իր օրհնությամբ է կատարվում: Աստված միշտ ստեղծում էր իրավիճակներ Իսրայել ժողովրդի համար, որ նրանք հասկանային, որ իրենց կարողությամբ, իրենցով չեղավ, այլ՝ Տիրոջ զորությամբ:

Նույնն էլ մենք շատ իրավիճակներում պետք է պարզապես սովորենք հավատքի քայլեր անել՝ չնայելով մեր մարդկային կարողություններին, այլ՝ Ամենակարողին...

Երեմիա 32.27 «Ահա Ես եմ Տերը՝ ամեն մարմնի Աստվածը, մի՞թե Ինձ համար մի որևէ դժվար բան կա...»:

Քրիստինե Աթոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.