Ո՞վ եմ ես
Հիշում եմ մի տեսանյութ, երբ խոշոր թութակի մոտ են բերում մի փոքրիկ բու։ Թութակը փքվում է, գույնզգույն փետուրները ցցում և իրեն ուժեղ ու գեղեցիկ զգալով՝ պտտվում բվի շուրջը։ Կարճ ժամանակ անց տանում են այդ փոքրիկ բվին և բերում թութակից եռապատիկ մեծ մի բու։ Թութակն անմիջապես կուչ է գալիս, խեղճանում և մտնում սենյակի անկյունը։
Սա բնազդային ինքնաճանաչում է, երբ միևնույն թութակը տարբեր իրավիճակներում իրեն ուժեղ կամ թույլ է զգում։
Շատ մարդիկ հենց այս բնազդով են իրենց ճանաչում և գնահատում։ Ուրիշների հետ համեմատվելը մեզ տալիս է սխալ պատկերացում մեր անձի մասին։
−Գիտե՞ս, թե ով եմ ես․․․ Գիտե՜ս, թե ով եմ ես․․․ Գիտե՛ս, թե ով եմ ես․․․
Այս խոսքը տարբեր հնչերանգներով և նշանակությամբ հնարավոր է արտաբերել, բայց երբ այս հարցը ինքնահավան հպարտությամբ է հնչում, պատասխանը սա կարող է լինել․
−Ո՞վ է դա, որ անգետ խոսքերով մթագնում է խորհուրդը (Հոբ 38.2):
Իսկ եթե իսկապես ուզում ենք իմանալ, թե ով ենք մենք, փնտրում ենք մեր դերը և մեր կոչումը այս կյանքում, պետք է զգուշանանք մարդկանց հետ համեմատվելուց։ Երբ համեմատվում ենք ուրիշների հետ, մենք կարող ենք ընկնել 2 հակառակ ծայրահեղությունների մեջ՝ կա՛մ հպարտության, կա՛մ ընկճվածության։ Եթե մեր կողքին հայտնվեն մեզնից գիտելիքներով ցածր, գեղեցկությամբ պակաս կամ ֆիզիկական տվյալներով ավելի թույլ մարդիկ (սրանք մեր ենթադրությունները կարող են լինել), դա դեռ չի նշանակում, որ մենք ամենախելացին ենք, ամենագեղեցիկը, ամենաուժեղը և պատճառ ունենք մեր անձով հպարտանալու։ Եվ եթե մեզնից ավելի խելացի, տաղանդավոր, գեղեցիկ և ուժեղ մարդիկ են մեր շրջապատում հայտնվում, ապա դրանից էլ մենք չպիտի ընկճվենք ու մեզ ոչնչություն զգանք։ Կան ֆիզիկական և մտավոր հատկանիշներ, ունակություններ, որոնք հարաբերականորեն շատ կամ քիչ են դրսևորվում տարբեր մարդկանց մեջ, բայց դրանցով չի որոշվում, թե ով ես դու։ Նույնիսկ մարդու կատարած գործերի քանակով չի որոշվում մարդու բնույթը, որովհետև սրտեր քննողը Աստված է (տե՛ս I Մնաց․ 28.9)։ Բացառման սկզբունքով նշենք, որ «ո՞վ եմ ես» հարցի պատասխանը մարդկանց հետ համեմատվելու միջոցով չենք կարող գտնել, այլ դրանով ինքներս մեզ կխաբենք․ «Որովհետև եթե մեկը համարում է, թե ինքը մի բան է, երբ չէ, նա ինքն իրեն է խաբում։ Թող ամեն մեկն իր գործը կշռի, այն ժամանակ իրենով կբավարարվի և ուրիշի հետ չի համեմատվի, որովհետև ամեն մեկն իր բեռն է կրելու» (Գաղ․ 6.3-4)։
Ուրիշների հետ համեմատվելու սկզբունքը սխալ է, որովհետև համեմատության առարկան կամ անձը անկայուն է ու փոփոխվող։ Մենք կարող ենք մեր առաջընթացը տեսնելու համար ինքներս մեզ հետ համեմատվել և նկատել մեր դրական փոփոխությունը կամ էլ նկատելով հետընթացը՝ քայլեր ձեռնարկել ուղղվելու համար։
Միակ հաստատունը Աստված է, որ երբեք չի փոխվում․ «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր․ 13.8)։ Եթե ուզում ենք հասկանալ, թե ով ենք մենք, պետք է մոտենանք հաստատուն ճշմարտութանը, որը Քրիստոսն է, և նրա լույսի տակ ճանաչենք ինքներս մեզ։
Հեղինակ՝ Աշխեն Պետրոսյան