Սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի հայ-քրիստոնյաներ, ուզում եմ քաջալերական խոսք փոխանցել ձեզ՝ զուգահեռներ տանելով այսօրվա իրականության և Սուրբ Գրքի որոշ դրվագների միջև: Ուզում եմ կիսվել այն հայտնություններով, որ Աստված ինձ տվեց վերջին 2-3 օրվա ընթացքում, որ իրոք քաջալերական է, քանի որ մեր հավատը պետք է հիմնված լինի Աստծո Խոսքի ու դրանից տրված հայտնությունների, ոչ թե կոչերի, մարդկային անկեղծ ցանկությունների ու դավանանքների վրա:

1) Եսթեր գրքում տեսնում ենք հետևյալ իրավիճակը: Աստծո ժողովուրդը հանգիստ ապրում էր և աղոթում իր խաղաղության ու բարգավաճման համար, սակայն հավատի մեջ թուլացել էր, քանի որ գտնվում էր գերության մեջ և շրջապատված էր կռապաշտությամբ: Աստված խաղաղության փոխարեն պատերազմի վտանգ թույլ տվեց, որպեսզի Իր ժողովուրդն արթնանա: Սա տեղի ունեցավ նաև մեզ հետ: Բարձրացավ Համան անունով մեկը, որ ատում էր Աստծո ժողովրդին և որի վրա չար ոգու ուժգին ազդեցության կար, այնքան ուժգին, որ ազդում էր անգամ թագավորի վրա, որ տպավորված էր նրանով: Ստորագրվում է անդառնալի մի հրաման, որ կարճ ժամանակ անց Աստծո ողջ ժողովուրդը պետք է կոտորվեր: Սա տեղի ունեցավ նաև մեզ հետ: Քանի որ բոլորը գիտեին, որ Աստծո ժողովրդի հակառակորդը՝ Համանը, շատ ավելի հզոր է և կհասնի իր նպատակին: Չկար գեթ մեկ ֆիզիկական ուժ, որ կանգներ Աստծո ժողովրդի կողքին ու պաշտպաներ նրանց: Ի՜նչ նման է մեր իրականությանը: Աստծո ժողովուրդը ծայրահեղ հուսահատության մեջ սկսում է ջերմեռնադորեն աղոթել, ծոմ պահել, նույնիսկ հող ու մոխրի վրա նստել (այսինքն՝ խոնարհվել Աստծո առաջ) և Աստծո երեսը փնտրել: Հանկարծ՝ հրաշք, Աստված բարձրացնում է Մուրթքեին, թագավորի առաջ շնորհ գտնել է տալիս Եսթերին, որոնք երկուսն էլ ոչ մի բանով աչքի չընկնող մարդիկ էին, և հրեաներին տրվում է իրավունք՝ պաշտպանվելու և հաղթելու իրենց թշնամիներին, որոնք քիչ չէին: «Այդ օրը հրեաների (այսինքն՝ Աստծո ժողովրդի) թշնամիները հույս ունեին նրանց տիրելու, սակայն հակառակը պատահեց՝ հրեաներն իրենք տիրեցին իրենց ատողներին» (Եսթեր 9.1-3):

Սա տեղի է ունենում այսօր մեզ հետ, քանի որ մենք ազգովի կանգնեցինք աղոթքի, նույնիսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակը համազգային աղոթքի կոչ արեց և ուրիշ շատերը:

2) Բ Մնացորդաց գրքում տեսնում ենք հետաքրքիր մի դրվագ՝ երեք ուժեր՝ Մովաբը, Ամոնը և Սեիրը միաբանվում ենք Աստծո ժողովրդի դեմ: Այսօր էլ երեք ուժեր՝ Ադրբեջանը, Թուրքիան և ջիհադիստները միաբանվել են հայ-քրիստոնյա ժողովրդի դեմ: Երբ մարգարեական խոսք եղավ և ժողովուրդը հավատաց Խոսքին ու փառաբանություն ու աղոթք բարձրացրեց հետևանքը եղավ սա. «Երբ նրանց սկսեցին երգել ու փառաբանել, Տերը դարանակալներ հանեց Հուդայի վրա եկող Ամմոնի ու Մովաբի որդիների ու Սեիր լեռան բնակիչների դեմ և նրանք կոտորվեցին: Քանի որ Ամմոնի ու Մովաբի որդիները Սեիր լեռան բնակիչների վրա էին հարձակվել՝ նրանց ամբողջովին կոտորելու ու ոչնչացնելու համար. և երբ Սեիրի բնակիչների վերջը տվեցին, իրար օգնեցին միմյանց կոտորելու» (Բ Մնացորդաց 20.22-24):

Երկու դեպքում էլ իմաստ սա է. Երբ Աստծո ժողովուրդը Խոսքի վրա հիմնված հավատով ու ջերմեռանդորեն հարատև աղոթք է բարձրացնում, Աստված շեշտակի հարվածով խոցում է չար ոգուն, որը դրդում ու ուժ է տալիս այդ մարդկանց, որից հետո նրանք դառնում են անուժ ու անկարող, անկախ այն բանից, թե որքան մեծ ֆինանսական կամ ռազմական միջոցների են տիրապետում:

Եվ հաղթում է Աստված Իր ժողովրդի մեջ ու միջոցով:

Սա է մեր հաղթությունը՝ անդադար, ջերմեռանդ, հավատով միաբան աղոթք, և հրաշքը, որ արդեն սկսվել է կատարվել, կհասնի իր վերջնական փառավոր ավարտին:

Մեր ժողովուրդն այս պատերազմից դուրս կգա հաղթանակած, ավելի հզոր ու մարտունակ բանակով, ավելի գեղեցիկ ու վերանորոգված կառույցներով, մեր երկիրը ավելի մեծ հարգանքի կարժանանա և վերջապես կլուծվի Արցախի անլուծելի թվացող հարցը:

Երանի՜ մեզ, որ մեր Աստվածը միակ ճշմարիտ ու կենդանի արարիչ Աստվածն է: Փառք մեր Աստծուն Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն:

Էդուարդ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.