Ո՛չ աչքն է տեսել, ո՛չ ականջը լսել
Մենք ծնվում ենք մեղավոր աշխարհում մեղավոր բնությամբ: Բայց մեր ողջ գիտակցական կյանքում մեր ներսում լսվում է մի ձայն, որը մեզ դեպի սրբության է կանչում: Դա մեր հոգու կանչն է, որը ցանկանում է մեզ վերադարձնել տուն՝ Աստծո մոտ: Բայց հակառակ մեր հոգուն՝ մեր հաշվարկներն ու աչքի տեսածից ծնված ցանկությունները ջանում են մեր կյանքում ստեղծել ու հաստատել մեր թագավորությունը, որը թշնամություն է Աստծո դեմ:
Մենք ծնվել ենք Աստծո կամքով և Նրա թագավորությունը հաստատելու նպատակով: Աստված ցանկանում է այս աշխարհում յուրաքանչյուր մարդու ներկայացնել Ինքն Իրեն և այն կյանքը, որ երկրային մահից հետո սպասվում է Իրեն հավատացող ու հնազանդվող ժողովրդին: Նա ցանկանում է այսօր հենց ինձ ու քեզ մասնակից դարձնել Իր փառավոր գործին և հաջողակ ծրագրերին: Նա ցանկանում է, որ մենք դառնանք Իր բնության և կամքի կրողները:
Աշխարհի ձայները մեզ համոզում են, որ կկորցնենք մեր կյանքի լավագույն տարիները և մեծագույն հաճույքները, եթե բռնենք հոգևոր կյանքի ուղին, եթե սկսենք ամեն բանից առաջ փնտրել Աստծո կամքը և սպասենք մեր օգնությունը միայն Նրանից: Բայց ի՞նչ է Աստված իրականում խոստանում իրեն հնազանդվողներին. «Հապա, ինչպես գրված է. «Ո՛չ աչքն է տեսել, ո՛չ ականջը լսել, ո՛չ էլ մարդու սիրտն են մտելլ այն բաները, որ Աստված պատրաստեց նրանց համար, ովքեր Իրեն սիրում են» /Ա Կորնթացիս 2.9/:
Աստված չիցանկանում, որ մենք հնազանդվենք Նրան ևտանջալից կյանքով ապրենք: Այս աշխարհը չար է, քանի որ անհնազանդ է Աստծո բարի և սուրբ պատվերներին: Որպեսզի մենք չդառնանք այդ չարության զոհը կամ մասնակիցը, Աստված առաջարկում է մեզ մնալ իր թևերի ներքո, հանգիստ և ապահով: Դրանից բացի կան հատուկ մեզ համար պատրաստված երկնային օրհնություններ, որոնց հասնել միայն կարող ենք՝ հետևելով Աստծո տված քարտեզին և հատուկ ցուցումներին:
Միշտ հիշի՛ր, որ քո սեփական երազանքներից ավելի մեծ երազանքներ Աստված է նախատեսել քեզ համար, և Նա ամեն բան կանի, որ դու հասնես դրանց, միայն թե վստահի՛ր Նրան:
Լիլիթ Հարությունյան