Նրա կամքը մեզ համար միշտ բարի է
Իր խոստացած ամեն բարի խոսքերից բնավ մեկը գետնին չընկավ: Գ.Թագավորաց 8.56
Մեկ օր պետք է հասկանանք, թե ինչու՞ մեր կյանքի դանդաղ ընթացքում երբեմն Աստված դիմում է ժխտական գործելակերպերի:
Նրա կամքը մեզ համար միշտ բարի է: Կան հավատացյալներ, որոնք հաճախ մտահոգվում եւ զարմանում են, թե ինչու՞ են իրենց աղոթքները մնում անպատասխան, մինչ Աստված ձեռնարկել է նրանց ավելի լավ պատասխանելու գործը: Երբեմն ականատես ենք լինում այդ իրողությանը, սակայն ապագան է, որ լիովին հասկանալի պիտի դարձնի դա մեզ համար:
Երանի այն հավատացյալին, ով չի շտապում, այլ համբերությամբ սպասում է անհրաժեշտ բացատրությանը, որ թերեւս պիտի տրվի նույնիսկ Տեր Հիսուսի գալուստից հետո:
Ե՞րբ Աստված մեզանից վերցրեց մի բան, որի փոխարեն չհատուցեց բազմապատիկ: Թերեւս այդ հատուցումը անմիջապես չարեց, բայց կասկած չկա, թե պիտի անի: «Այսօրը» Աստծո գործի վերջին օրը չէ: Մտածում եք, որ գերեզմանի դուռը փակվում է մշտնջենական խավարի մե՞ջ: Ո՛չ, նրա հետեւում փայլում է հավիտենական եւ փառավոր լույսը:
Երբեք չի պատահում, որ Աստված փորձությունների ճամփով որեւէ մեկի սրտին կամ կյանքին կպչի առանց նպատակ ունենալու այդ մարդու կյանքը լցնելու Իր օրհնություններով:
Այն հավատացյալը, ով սովորել է համբերությամբ եւ առանց որեւէ կասկածի կամ տրտունջի սպասել Աստծո գործելակերպերին, ինչպիսին էլ լինեն նրանք, նա կհասնի քրիստոնեական կյանքի շնորհների մեջ որոշակի բարձր մակարդակի:
«Վտակներ անապատի մեջ» գրքից