Նրա երջանկության գաղտնիքը…
Մի մարդ միշտ երջանիկ տեսք ուներ: Նրա դեմքին միշտ փայլում էր ժպիտը, ծիծաղը: Երբեք ոչ ոք նրան տխուր չէր տեսնում:
Եվ հաճախ մարդիկ նրան հարց էին տալիս.
– Ինչո՞ւ դուք երբեք չեք տխրում: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում միշտ ուրախ լինել: Ո՞րն է ձեր երջանկության գաղտնիքը:
Եվ այդ մարդը, սովորաբար, պատասխանում էր այսպես.
– Մի ժամանակ ես էլ ձեզ նման տխուր էի: Եվ մի անգամ միտքս լուսավորվեց. չէ՞ որ սա իմ ընտրությունն է, իմ կյանքը: Եվ չէ՞ որ ես եմ այդ ընտրությունը կատարում ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե: Եվ այդ ժամանակից ի վեր ամեն առավոտ արթնանալիս՝ հարցնում եմ ինքս ինձ. «Դե՛, ի՞նչ եմ ընտրում այսօր. տխրությո՞ւն, թե՞ ուրախություն»:
Եվ միշտ ստացվում է այնպես, որ ես ընտրում եմ ուրախությունը:
«Ուրախ եղեք Տերումն ամեն ժամանակ. դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք» (Փիլիպպեցիս 4.4):