Երբ պետք է որոշել՝ ներե՞լ, թե՞ ոչ
Առօրյա կյանքում մենք հաճախ ենք հանդիպում պարագաների, երբ կարիք ունենք որոշում ընդունել՝ ներե՞լ, թե՞ չներել:
Ներումը որոշում է, որը մենք ընդունում ենք՝ ելնելով տվյալ պարագայից կամ մեր համոզմունքներից:
Երբեմն մեզ հանդիպած դեպքերը կարող են շատ թեթև լինել՝ ներելու իմաստով, իսկ որոշները՝ գրեթե անհնարին, իսկ երբեմն էլ մենք պարզապես չենք ուզում ներել, որպեսզի դիմացինը «չառիթավորվի» կամ «մեր գլխին չնստի»:
Եկենք տեսնենք, թե ինչ խորհուրդ է տալիս Հիսուսը.«Ուստի, ինչ որ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն՝ նույնը դուք արեք նրանց» (Մաթևոս 7:12):
Ամեն անգամ, երբ դու նորից առիթ ես ունենում կանգնելու այս կարևոր որոշման առաջ՝ ներել, թե ոչ, հիշի՛ր, դու կցանկանայիր, որ քեզ ներեին, անկախ նրանից, թե ինչ ես արել:
Մեր մարդկային էությունն այնքան հեշտ է արդարացնում մեր սեփական արարքները և այնքան դժվարությամբ է կարողանում ընդունել դիմացինի պատճառաբանություններն ու արդարացումները:
Եթե մենք մեր սրտերում տեղ ենք տալիս աններողամտությանը, այն ժամանակի ընթացքում դառնում է վերք, որը հոտելով ու փտելով կարող է մեզ տանել հոգևոր ու բարոյական մահվան:
Որպես հետևանք, մեր սիրտերը կարող են կարծրանալ ու չարանալ, մենք կարող ենք դառնալ խիստ նյարդային ու դյուրագրգիռ ինքներս չհասկանալով, թե ինչու ենք դարձել այդպիսին, երբ ամեն մի հասարակ բանի համար կարող ենք վիճել մարդկանց հետ, բղավել նրանց վրա, կամ հնարավորության դեպքում
պատժել:
Ներե՛ք, և Աստված էլ ձեզ կների ձեր սխալներն ու բացթողումները:
Ներեցե՛ք, և ձեր սիրտը կխաղաղվի ու դուք կստանաք այն խաղաղությունն ու ուրախությունը, որ միգուցե երկար ժամանակ չեք զգացել:
Ներե՛ք, ու դուք նորից ետ կբերեք ձեր բարեկամներին ու ընկերներին, որոնց միգուցե բավականին ժամանակ է, կորցրել էիք:
Թող Աստված ձեզ ուժ տա կատարելու այն, ինչ ճշմարիտ է:
Էդուարդ Հարությունյան