Այս օրերը դժվար են բոլորիս համար՝ հատկապես նրանց, ովքեր որդի կամ ամուսին, եղբայր կամ հայր ունեն սահմանին կանգնած, և առհասարակ, բոլորս անհանգստանում և սրտի թրթիռով ենք հետևում լուրերին՝ աղոթելով, որ հանկարծ մեկ զինվոր էլ չզոհվի, մի տան ճրագ էլ չմարի: Ամեն մեկը ինչ-որ կերպ փորձում է օգտակար լինել սահմանում կանգնած զինվորին՝ նրա կողքին լինելով ինչպես կկարողանա: Սա հրաշալի է, երբ ազգը մեկ ընտանիք է դառնում, բայց այս ամենի հետ մեկտեղ լավագույն օգնությունը, որ կարող ենք ցույց տալ մեր երկրին, աղոթքն է՝ ուղղված ամենակարող Աստծուն:

Մենք «անտեր» ժողովուրդ չենք, մենք Տեր ունենք, Ով միշտ մեր կողքին է: Չնայած նրան, որ  երբեմն հեռացել ենք Աստծուց և գուցե նրան հաճելի կյանքով չենք ապրել, միևնո՛ւյն է, Նա շարունակում է մեզ սպասել, սիրել և ընդունել՝ որպես Իր սեփական ժողովուրդ: «Լսի՛ր, Իսրայել (Հայաստա՛ն), դուք այսօր մոտեցել եք պատերազմի ձեր թշնամիների դեմ. ձեր սրտերը չթուլանան, մի՛ վախենաք, մի՛զարհուրեք, և նրանց երեսից մի՛ դողաք. Որովհետև ձեր Եհովայ Աստվածը գնում է ձեզ հետ, որ ձեզ համար ձեր թշնամիների դեմ պատերազմե և ձեզ օգնե»: Երկրորդ Օրինաց 20.3-4

Տերը խոստում ունի, որ կպատերազմի մեր փոխարեն, մնում է աղոթքով մոտենանք Նրան, խնդրենք Նրա ձեռքն այս իրավիճակի մեջ: Նա է ամեն բանի Տերը. Հին ուխտում հաճախ ենք հանդիպում, որ Աստված անձամբ է պատերազմում իր ժողովրդի՝ Իսրայելի համար, և նրանք միշտ, երբ ապավինում էին Աստծուն, հաղթությամբ էին դուրս գալիս պատերազմից: Էական չէր՝ իրենց զորքը քիչ էր հակառակորդից, իրենց կարողությունները փոքր էին կամ մեծ, միևնույն է, նրանք միշտ հաղթող էին Աստծով:

Այսօր մենք էլ Հիսուսի արյամբ Նրա սեփական ժողովուրդն ենք: «Եվ ահա Աստված մեզ հետ է իբրև զորագլուխ» Բ Մն. 13.12:

Նա է մեր զորագլուխն ու պահապանը, մնում է միայն դարձնենք մեր երեսը դեպի Նա, և մեր օգնությունը Նրանից սպասենք:

Կանգնե՛նք մեր աղոթքներով, որովհետև դրանք իրավիճակներ կփոխեն: Թող Տերը խաղաղություն տա մեզ և իր պահպանությունը լինի ամեն մի  զինվորի վրա, որ այսօր կանգնած է մեզ համար:

Քրիստինե Աթոյան

Նկարը՝ © Artem Avetisyan

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.