Նա գիտի իմ ճամփան...
Իսկ Նա գիտե իմ ճամփան: Եթե ինձ փորձի, ոսկու նման դուրս կգամ: Հոբ. 23.10
Հավատքը աճում է փոթորիկների մեջ: Ահավասիկ միայն չորս բառեր, սակայն նրանք մեծ կարեւորություն ունեն փոթորիկների մեջից անցնողների համար:
Հավատքը Աստծո տված այն զգայարանն է, որ տեսնում է անտեսանելին, եւ որի միջոցով անկարելին դառնում է կարելի: Նրա գործը գերմարդկայինի հետ է: Սակայն, այս հավատքը աճում է փոթորիկների մեջ եւ զորանում այնպիսի տեղեր, ուր հոգեւոր մթնոլորտը խաթարված է: Անտառում ամենահզոր ծառերը ստվերում չեն աճում, այլ այնտեղ, ուր քամիներն ու սաստիկ փոթորիկները հարվածում եւ ծռում են նրանց, մինչեւ որ նրանք դառնում են հսկա:
Երբ տեսնես հոգեւորապես հսկա մեկին, լա՛վ իմացիր, որ եթե դու էլ ես ուզում նրա նման մեկը լինել, պետք է քայլես ոչ թե վարդաստաններով, այլ նրա նման սեպոտ, ապառաժոտ ու նեղ կածաններով, որտեղ դժոխքի ուժերը, սուր քարերն ու փշերը, թունավոր օձերն ու խիստ փոթորիկները պիտի սպառնան տապալել քեզ:
Այս ճամփան տրտմության եւ ուրախության, ցավի եւ բժշկության, արցունքի ու ժպիտների, փորձությունների եւ հաղթությունների, պայքարի եւ հաղթանակի, դժվարությունների եւ վտանգների, հալածանքների եւ թյուրիմացությունների ճանապարհ է, որը Նրա հետ անցնելով, շնորհիվ Նրա, որ մեզ սիրեց, մենք կլինենք ավելի քան հաղթական:
«Փոթորիների մեջով»՝ նրանցից ամենից սաստիկների մեջով անցնելու ժամանակ թերեւս վախենաս, կամ վարանես, սակայն ո՛չ, քաջ եղիր, առա՛ջ գնա, Տերը փորձություններից ամենից զորավորի ժամանակ էլ այնտեղ քեզ հետ է եւ ականջիդ պետք է շշնջա Իր գաղտնիքները, որոնք սիրտդ ուրախությամբ եւ դեմքդ ժպիտով պիտի պատեն, ու մանավանդ հավատքդ այնպես պիտի զորացնեն ու անպարտելի դարձնեն, որ դժոխքի սատանաներից ոչ մեկը չի կարողանալու քեզ շարժի:
Է.Ա. Քիլբուռն
«Վտակներ անապատի մեջ» գրքից