Մի՛ վախեցիր
Միգուցե այսօր սատանան գոռում է, թե որքան վախենալու բաներ է լինելու քո կյանքում, որպեսզի գերության մեջ պահի քեզ, բայց Տերը ասում է քեզ` մի վախեցիր:
Երբ թույլ ենք տալիս, որ վախը տեղ գտնի մեր կյանքում, մեր սիրտը սկսում է թուլանալ: Հիշիր, որ քո ներսում Հուդայի ցեղի առյուծն է ապրում, և վախը պարտված է կյանքիդ ամեն բնագավառում, դու ազատ ես վախի լուծից:
Աստծո Խոսքն ասում է, որ օծության մեջ կոտրվում են վախի կապանքները:
Մենք վախի դեմ պարտված կլինենք այնքան ժամանակ, մինչև չընդունենք այդ հայտնությունը, որ Տերը մեզ հետ է:
Մեր կյանքում կարող են գալ բաներ, որոնք վախեցնում են մեզ, բայց Աստված քո ամեն օրվա համար քեզ ասում է` մի վախեցիր. մի թուլացրու քո սիրտը:
Երբեմն մենք ինքներս ենք թուլացնում մեկս մյուսիս սրտերը` մեր բամբասանքով, վարկաբեկումներով ու սխալ խոսքերով: Բայց մենք չպետք է այդպես վարվենք մարդկանց հետ, քանի որ Տեը մեզ միշտ բարձրացնում է ու զորացնում է մեր սիրտը: Մենք էլ այդ օրինակին հետևելով` պետք է զորացնենք ու բարձրացնենք միմյանց:
Այսօր որքան էլ սատանան մեխեր մխած լինի քո սրտում` վիրավորանքներ, խնդիրներ, վախեր, կարիքները կամ անելանելի թվացող իրավիճակներ, որոնք թուլացրել են քո սիրտը և դանդաղեցրել քո ընթացքը, Տերը կարող է ազատել քեզ: Նա հարություն է առել` մեզ ազատելով սատանայի ազդեցությունից և զորացնելով մեր սիրտը:
Տերը հաղթել է և այդ հաղթանակը տվել է քեզ, և այսօր հանգստանալու կամ թուլանալու ժամանակը չէ, դու ընթացքի մեջ ես և պետք է այդ հաղթանակը տանես մինջև վերջ` Տիրոջը փառաբանելով և Նրանով ցնծալով։
Հեղինակ՝ Համլետ Արսենյան
Աղբյուրը՝ avetaber.am