Բոլորս էլ երբեմն կանգնում ենք այս հարցի առաջ՝ լինել  Աստծո՞ւն հնազանդ, թե՞ լինել մարդկանց հաճելի, ամուր կանգնել մեր տեղո՞ւմ, թե՞ գնալ որոշ զիջումների...

21-րդ դարում գուցե դժվար է ամուր պահել քրիստոնեական արժեքները, հնազանդ լինել Տիրոջ Խոսքին ամենուր և ամեն հարցում...Տանը, ուսման վայրում, աշխատավայրում ամեն օր բախվում ենք այնպիսի խնդիրների, որոնք գուցե արտաքինից փոքր ու չերևացող են թվում, գուցե անվնաս, բայց իրականում դրանք շարժում են մեզ մեր քրիստոնեական հիմքերից... Քիչ-քիչ, կաթիլ առ կաթիլ կուտակվելով՝ դառնում են մի գետ, որը կարող է մեկ օր հորդել և ոչնչացնել մեզ իբրև քրիստոնյա:

Սավուղը, ով թվում էր, փորձում է աստվածահաճո կյանք ապրել, սնեց այդ գետը, և ի վերջո, այն շարժեց տեղից նրա թագավորությունը: Դա չեղավ միանգամից, այլ՝ աստիճանաբար: Երբ Սամուելն ուշացավ, նա որոշեց անձամբ զոհ անել, իսկ ինչո՞ւ... պատճառը մեկն էր՝ նա վախեցավ ժողովրդից, նա որոշեց լինել մարդահաճո, քան՝ աստվածահաճո...

«Տեսա, որ ժողովուրդն իմ մոտից ցրվում է...» /Ա Թագ. 13.11/։

Սա էր նրա արարացումն իր անհնազանդության համար: Նա ընտրեց ժողովրդի հաճոյությունը: Շատ ժամանակ մենք նույնպես, երբ կանգնում ենք որևէ փոքր կամ գուցե մեծ հարցի առջև, նախընտրում ենք հաճեցնել մարդկանց՝ թողնելով Տիրոջ պատվիրանները, շատ հեշտությամբ վշտացնելով Նրան: Եվ դա գնալով ավելի է աճում: Գուցե այսօր փոքր հարցերի մեջ ենք զիջում, վաղը՝ ավելի մեծ: Մենք ինքներս մեր ձեռքով շարժում ենք մեր հիմքերը և սկսում ինքնաարդարանալ, ինչպես արեց Սավուղը, երբ նորից մարդուն հաճեցնելու համար չհնազանդվեց Տիրոջը:

«...Ժողովորդն այն ավարից ոչխարներ և արջառներ վեր առավ...: Մեղք գործեցի, որ Տիրոջ հրամանն ու քո խոսքերը զանց արի, որովհետր շողովրդից վախեցա» /Ա Թագ. 15.21-24/։

Սավուղը վախեցավ կորցնել իր փառքը, իր դիրքը մարդկանց առջև, նախընտրեց ժողովրդին հաճեցնելը՝ Տիրոջը հնազանդվելու և Նրա խոսքի մեջ ամուր կանգնելու փոխարեն, և արդյունքում կորցրեց թագավորությունը, Տիրոջ օրհնությունը... այն ամենը, ինչ իր կարծիքով փորձում էր պահել՝ մարդկանց հաճեցնելով:

Ո՞րն է այսօր քո ընտրությունը՝ մնա՞լ ամուր քո դիրքերում, ցանկացած իրավիճակում և վայրում, հաստատ կանգնել Տիրոջ Խոսքի մեջ և միայն Նրան հաճեցնել, թե՞ նմանվել Սավուղին ու խորտակել ինքդ քեզ՝ քո իսկ ստեղծած մեղքի գետով: Մի՛ վախեցիր մարդկանց կարծիքներից, մի՛ փնտրիր մարդկանց հաճությունը, պարզապես ուղիղ պահի՛ր քո սիրտը Տիրոջ առջև, մի՛ վախեցիր լինել միակը բազմության մեջ... Միակը, ով կընտրի հաճեցնել իր Տիրոջը:

Քրիստինե Աթոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.