Որպեսզի այս օրերին ուժեղ մնանք, պետք է ավելի լավ ու խորը հասկանանք այն գանձը, որ մեր  ներսում է: Բ Կորնթացիս 4.7-ն ասում է. «Բայց այս գանձը մենք հողե անոթների մեջ ունենք, որ զորության գերազանցությունն Աստծուց լինի և ոչ թե մեզնից»:

Այսօր ուզում եմ խոսել այդ գանձի անգնահատելի մասի մասին, որը դիմացկունությունն է: Դիմացկունությունը քո միջի «գանձի փաթեթի» մի մասն է, որ կարող է դուրս գալ և բացահայտվել միայն, երբ դիմանում ես:

Այնքան կարևոր է, որ մենք իմանանք դիմացկունության մասին: Դիմացկունությունը գալիս է ներսից՝ Սուրբ Հոգուց: Սուրբ Հոգին գերբնական ընկեր է, Ով հայտնվում է քեզ հրելու դեպի հաղթանակը, երբ թվում է՝ հաղթելու ոչ մի նշան չի երևում:  Այս գերբնական Օգնականը դարեր շարունակ օգնել է հավատացյալներին չհանձնվել սարսափելի փորձությունների ընթացքում:

Գուցե հիմա դու փորձության մեջ ես և ուզում ես հանձնվել՝ մտածելով. «Էլ չեմ կարողանում դիմանալ, չարժե պայքարել»: Բայց դիմացկունությունը քեզ առաջ է մղում այդ ամենի միջով: Մի՛ հանձնվիր: Դու չես կարող դադարել պայքարել: Աստված քո ներսում է, որ քեզ մինչև վերջ տանի քո իրավիճակի միջով: Ոչի՛նչ, բացարձակապես ոչինչ չի կարող քեզ բաժանել Աստծո սիրուց: Եվ Նրա սերը միշտ կտեսնի քեզ:

Հռոմեացիս 8.38,39-ն ասում է. «Որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկա և ո՛չ էլ գալիք բաները , ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ մի ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»:

Սկսենք Հակոբոս 1.2,3-ից  բացահայտել, թե ինչ գաղտնի զենք է դիմացկունությունը. «Եղբայրնե՛ր, երբ այլևայլ փորձությունների մեջ ընկնեք, այդ բոլորը ուրախություն համարեցե՛ք, իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջ բերում»:

Այս ասելով՝ նկատի չունեմ, որ ընդունենք ու փառաբանենք դժվարությունը, այլ որ ընդունենք Աստծո զորությունը, որ մեզ կանցկացնի փորձության միջով: Աստված ուզում է մեզ դեպի հաղթանակն առաջնորդել, որ ավելի լավը դառնանք, ոչ  թե ավելի դառնացած: Մյուս կողմից մենք մեր փորձության մեջ ավելի շատ կվստահեենք Աստծո սիրուն, քան կցանկանանք հանձնվել: Եվ ավելի վստահ կզգանք, որ այն Ամենամեծ Մեկը, Ով մեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, որ աշխարհում է (Ա Հովհաննես 4.4):

Եկե՛ք նայենք Հակոբոս 1.2-ի հորդորին՝ «համարե՛ք», այսինքն՝ կարծե՛ք կամ այդպես մտածե՛ք: Սա հզոր բան է: Կարևոր է, որ այն ամենը, ինչ փորձում է մեզ կոտրել, ուրախություն համարենք: Այս ուրախությունը գերբնական է, բայց մեզ հասանելի է:

Հաջորդ բառը, որին ուզում եմ ուշադրություն դարձնենք, «ընկնելն» է:  «…Երբ այլևայլ փորձությունների մեջ ընկնեք»,- նշանակում է՝ դու չէիր նախատեսել հայտնվել այդ վայրում: Դու չէիր ուզում ընկնել, ուղղակի ընկար: Բայց հիշի՛ր, որ այդ «դիմացկունությունը» «տեղում մնալու» ու «երբեք չհանձնվելու» զորությունն է, և այն հասանելի է քեզ ու կարող է գործել, անգամ, երբ դու ընկնում ես:

Հաջորդ խոսքը՝ «իմանալով», այսինքն՝ դու կարող ես այդ բոլորն ուրախություն համարել՝ իմանալով, որ այդ փորձությունը ոչ թե քո դեմ, այլ քո լավի համար է: Խնդիրը գալիս է, որ ջախջախի քեզ, սատանան փորձության միջոցով փորձում է քեզնից բաներ գողանալ: Բայց Սուրբ Հոգին քեզ հետ է Իր դիմացկունության զորությամբ: Փորձության ընթացքում, երբ սատանան փորձում է կոտրել քեզ, Սուրբ Հոգին ուզում է ցույց տալ, որ Իր զորությունով դու անկոտրում ես:

Այս ուսուցումից մենք սովորեցինք, որ.

· Խնդիրներն Աստծուց չեն.

· Մենք գիտենք, որ  կարող ենք դիմադրել դրանց.

· Մենք գիտենք, որ Աստծո ներկայությունը մեր մեջ է, որ դիմացկունություն տա մեզ՝ դիմադրելու և հաղթելու հակառակորդին.

· Մենք դուրս ենք գալու՝ դիմացկունության գերբնական զորությունը փորձառած, որն ասում է՝ «Ես չեմ հանձնվելու», «Ես դադար չեմ առնի, մինչև չստանամ այն, ինչ իմն է»:

Ընկե՛րս, մենք պետք է մնանք հավատարիմ և հաղթանակած: Աստված մինչև վերջ նվիրված է մեզ: Նրա ներկայությունն ու դիմացկունության զորությունն այս պահին գործում են քո մեջ: Սա հանձնվելու ժամանակը չէ, այլ՝ առաջ գնալու:

Թարգմանեց Լլիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ Renner Ministries

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.