Մի՛ ապրիր սահմանափակված կյանքով․ Արտավազդ Թադևոսյան
«Որովհետև Աստծո արքայությունը ուտելիք և խմելիք չէ. Այլ արդարություն և խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով» (Հռոմ. 14․17):
Աստծո արքայությունը կազմված չէ նյութական իրերից. այն ամբողջությամբ հոգևոր բնույթ ունի: Չգիտեմ` ինչու, բայց 21-րդ դարի շատ քրիստոնյաներ Աստծո արքայությունը նյութականացնում են: Նրանք ապրում են սահմանափակված կյանքով՝ այդպես էլ չհասկանալով, որ Հիսուսն ասել է՝ մի՛ անհանգստացեք նյութականի համար, այլ փնտրեք հոգևորը, և մնացածը կտրվի ձեզ:
Նյութականը ստանալու տարբերակը հենց այն է, որ առաջինը փնտրենք Աստվածայինը, երկնայինը, Նա ասում է, որ կտամ մնացածը։ Քանի որ մեզ համար առաջնային ենք դարձնում տեսանելին, նյութականը, սկսում ենք սահմանափակ ապրել, որովհետև նյութականը շատ սահմանափակ է, հատկապես, երբ մենք ենք պատասխանատվություն վերցնում մեզ վրա՝ հոգալու մեր կարիքները:
«Ուրեմն հոգս մի անեք` ասելով, թե ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։ Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. Որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատ. 6․31-33):
Աստվածայինը դարձրու քեզ համար առաջնային, և Աստված էլ քո խնդիրը կդարձնի Իր համար առաջնային լուծելի։