Առաջին տեղում
Տաս Պատվիրանները պայմանականորեն բաժանվում են երկու մասի, դրանցից վեցը վերաբերում են մարդ-մարդ փոխհարաբերությանը և միայն չորսը` մարդ-Աստված փոխհարաբերությանը։ Այո՛, Աստված կարևորում է այն մեծ ճշմարտությունը, որ քրիստոնյան պետք է մարդասեր լինի և սիրի ընկերոջն իր անձի պես, սակայն կա վերջինիս դրսևորման կեղծ երևույթը ևս։ Երբ կա հաջող խաղարկած մարդ-մարդ հրաշալի փոխհարաբերություններ, բայց ոչ երբեք ճշմարիտ հաղորդակցություն մարդ-Աստված շփման տիրույթում։
Մարկոս. 10:17-22
17 Եւ այնտեղից ճանապարհը գնալիս, մէկը վազելով եկաւ՝ ծունր դրաւ, նորան հարցնում էր եւ ասում. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։ 18 Յիսուսն էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ով բարի չ’կայ, բայց միայն մէկը՝ Աստուած։ 19 Պատուիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հօրը եւ մօրը պատուիր։ 20 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, այդ ամենն իմ երեխայութիւնից պահել եմ։ 21 Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ՝ նորան սիրեց, եւ ասեց նորան. Մէկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր եւ աղքատներին տուր. Եւ գանձ կ’ունենաս երկնքումը. Եւ խաչն առած՝ եկ ինձ հետեւիր։ 22 Նա էլ այն խօսքի համար դժուարացած՝ գնաց տրտմած. Որովհետեւ շատ ինչքի տէր էր։
Թերևս, իրոք, ցավալի է, քանի որ առանց իրական աստվածապաշտության մարդու մյուս գործերն ու արարքները դրանք միայն կեղծ դրսևորումներ են ցանկալիի ցուցադրության։
Երբ հարուստ պատանին վազելով եկավ դեպի Հիսուսը, նա ծնկեց և թե՛ Հիսուսին, թե՛ հավաքված ամբոխին փորձեց ցույց տալ իր վեհ բարոյական և 《համեստ ու խոնարհ》բարձր անձնային որակները։ Նա վարպետորեն տիրապետում էր 《ինչպես շահել դիմացինի համակրանքը》արվեստի նրբություններին, սակայն վերջինիս գերնպատակն ու սրտի իրական խորհուրդը եսասիրական էր և ոչ թե մարդասիրական։
Ըստ այս երիտասարդի` նա ամեն հարցի մասին հոգացել էր երկրի վրա, հիմա էլ հանդերձյալի փրկության մասին էր հոգում։ Այս հանդիպումը կարող էր լինել, իրոք, որոշիչ հոգու փրկության համար. այն կարող էր լինել անսպառ ուրախության և ճշմարիտ ընթացքի սկիզբ, սակայն այն տրտմություն բերեց տղային, քանի որ նա պետք է հրաժարվեր իր համար անչափ արժևոր համարվող մեծ կարողությունից հանուն Հիսուսի, հանուն իր հոգու փրկության։
Շատ հաճախ մեզանից շատերը չափազանց կարևորություն տալով անկարևորին՝ հրաժարվում կամ մերժում են այդ կարևորը։ Բայց չնայած այս ամենին՝ Աստված, ով իրականում պետք է լինի մեզ համար առաջին տեղում, սիրում է քեզ անկախ քո որոշումներից ու անկախ իրավիճակներից. Նա մշտապես փորձում է լավը տեսնել իմ ու քո մեջ։
Անգամ երբ ինքդ քեզ դատապարտում կամ թերագնահատում ես, Նա քաջալերում և բարձրացնում է, հույս է ներշնչում, ուրախություն բերում և ամուր ու խաղաղ հիմքեր ստեղծում նորի արարման համար։
Հնարավոր է, որ այս տղայի նման դու էլ քո կյանքում ունես քեզ պահող բաներ, որոնք խանգարում են հետևել Հիսուսին, խանգարում են ունենալ լիարժեք և աստվածահաճո հոգևոր ընթացք. գուցե դա սիրելի անձնավորությունդ է, գումարն է, աշխարհային զբաղմունքներն են, որոնք քեզանից ժամանակ և էներգիա են խլում։
Հորդորում եմ քեզ ճիշտ որոշում կայացնել ու չթողնել Կարևորը անկարևորի պատճառով. առանց այն էլ բավական ժամանակ ամուր բռնել ու սիրել ենք բաներ, որոնք չպիտի սիրեինք կամ գոնե ճիշտ ու չափի մեջ ընկալեինք և ընդունեինք։
Դադարի՛ր, մի ձեռքով բռնել հավատը, մյուսով անհավատությունը, մի ձեռքով
ուրախությունը, մյուսով տխրությունը, մի ձեռքով
Հիսուսին, մյուսով աշխարհը, բավական է
խաբես ինքդ քեզ....
Եթե Հիսուսը Տեր է քո կյանքում, ապա Նրա խոսքերը քննարկման ենթակա չեն։ Եվ եթե Հիսուսին հետևելու համար քո սրտում ունես բաներ, որոնք խանգարում են քեզ, հեռացրու դրանք, պայքարիր դրանց դեմ ու մի համակերպվիր, իսկ ամենակարևորը` ժամանակ հատկացրու հաղորդակցվելու Աստծո հետ, քանի որ մենք Աստուն գնահատում ենք այնքանով, որքանով ժամանակ ենք անցկացնում Նրա հետ։