Ինչպես ծնողները լսում են իրենց երեխայի շնչառությունը, Աստված էլ լսում է մեր հոգոցներն ու հառաչանքները՝ ինչպես բարձր աղաղակներ: Ես երբեք չեմ մոռանա իմ առաջնեկի լացի ձայնը, որ իմ կողքին դրված էր օրորոցի մեջ: Իմ ծնողական ականջը ուժգնացնում էր հազիվ լսելի ցավի կամ անհանգստության այդ աղաղակները: Անգամ հիմա էլ, երբ մենք ունենք երեք արդեն ինքնուրույն դպրոցականներ, ես դեռևս կարող եմ տարբերել անհանգստության, ամոթի, վախի նրանց անլսելի հառաչանքները՝ ֆուտբոլային դաշտից կամ մարդաշատ խաղահրապարակից:

Հառաչանքները «թարգմանողը»

Ի ուրախություն մեզ՝ մեր երկնային Հայրը լսում է մեր անգամ ամենաանլսելի հառաչանքները՝ ինչպես բարձր աղաղակ, և ավելի մեծ հեռավորությունից, քան ֆուտբոլային դաշտը կամ խաղահրապարակն է: Շնորհիվ մեր մեջ հարատևող Սուրբ Հոգու, Ով ավելի մոտ է մեզ, քան օդը, որ մենք շնչում ենք, մենք ունենք Աստծո գահի առջև մեր հառաչանքները թարգմանողին:

«Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք՝ ինչպես արժան է, չգիտենք. բայց ինքը՝ Հոգին, անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում։ Եվ սրտերը քննողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է» (Հռոմեացիս 8.26-27):

Այս համատեքստում Պողոսը նկարագրում է Հոգու մեջ մեր կյանքը, քանի դեռ մենք ապրում ենք այս մոլորակի վրա՝ փափագելով Աստծո կողմից լիակատար որդեգրման: Մեր հառաչանքները՝ լինեն դրանք աննշան, թե վշտի ցավից բարձր արտահայտվող, ենթադրելի են ու սպասելի: Եվ Աստված լսում է դրանք ամեն ժամանակ, Նա ցանկանում է վերցնել մեզնից բեռը, որը դրված է մեզ վրա: Ջոն Ռայլն ասել է. «Մի վախեցիր, եթե դու աղոթքի մեջ կմկմում ես, եթե քո բառերը անհստակ են, և լեզուդ՝ աղքատ: Հիսուսը կարող է հասկանալ դրանք»:

Հոգնած մոր անտեսանելի և անլսելի հառաչանքները լսելի են և ըմբռնելի Սուրբ Հոգուն: Տաժանակիր աշխատողների հառաչանքները, ովքեր իրենց ընտանիքները ապահովելու բեռի տակ ծռվում են, հիվանդների ու մահացողների աղաղակները՝ հայտնի են մեր Աստծուն:

Անապատից դեպի ծովը

Մովսեսը մեկ օր գլխավորեց մի ամբողջ ժողովուրդ, ում աղաղակն ու հառաչանքը բարձրանում էին առ Աստված տարիներ շարունակ: Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից և եկավ դեպի անանցանելի ծովը, մինչ հետևում հզոր եգիպտական բանակն էր:

Մարդիկ սարսափած Մովսեսին էին նայում, և Մովսեսն արտաքուստ անում է այն, ինչ հզոր առաջնորդը պետք է աներ. հանգստացնում է ժողովրդին՝ ասելով. «Մի վախեք, կանգնեցեք և տեսեք Եհովայի փրկությունը՝ որ այսօր կանի ձեզ համար, որովհետև ձեր այսօրվա տեսած եգիպտացիներին այլևս պիտի չտեսնեք հավիտյան» (Ելից 14.13): Բայց ներսում Մովսեսի սիրտը պետք է որ լռության մեջ աղաղակեր առ Աստված: Եվ Աստված ասում է Մովսեսին. «Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. ասա Իսրայելի որդիներին, որ չվեն» (Ելից 14.15):

Մարտին Լյութերը գրում է այդ մասին.

«Մովսեսը Աստծուն չէր աղաղակում: Նա այնպես էր դողում, որ անգամ խոսել չէր կարողանում: Նրա հավատքը մարել էր: Նա տեսնում է Իսրայելի ժողովրդին ծովի և փարավոնի մոտեցող բանակի միջև: Ինչպե՞ս նրանք պետք է փրկվեին: Մովսեսը չգիտեր՝ ինչ ասեր: Ինչպե՞ս Աստված կարող էր ասել, որ Մովսեսն աղաղակում է իրեն: Իրականում Աստված լսում է Մովսեսի սրտի աղաղակը և նրա սրտի հառաչանքը՝ որպես օգնության կանչ: Աստված արագ է սրտի հառաչանքը լսելու մեջ»:

«Աստված արագ է սրտի հառաչանքը լսելու մեջ». այս բառերը հանգստացնում են իմ հոգին: Նա լսում է մեր կամաց հառաչանքները, որ արձակում ենք մեր կյանքում ունեցած բեռի տակ: Նա լսում է միայնակության, հոգնածության կամ վշտի հառաչանքները, որոնք աննկատելի են ուրիշների համար, և Նա ջանում է մխիթարել մեզ:

Հոգին այդ հառաչանքները աղոթքի է վերածում՝ համաձայն Աստծո կատարյալ կամքի: Թող մենք վերապրենք մխիթարություն այն փաստից, որ գիտենք՝ մեր Հայրը լսում է ամենալուռ ու անլսելի հառաչանքները՝ որպես բարձր աղաղակ: Նա անելու է դա, մինչև անհանգստության, ցավի կամ վշտի մեր հառաչանքները չկլանվեն մխիթարության և թեթևության հառաչանքներով, երբ մենք տեսնենք Նրա փրկությունը և Նրա ձեռքը մեր կյանքում:

«Իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ» (Սաղմոս 38.9):

Էյմի Ջոզեֆ

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.