«Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել...» (Եսայա 26.3):

Պատերա՜զմ, զոհե՜ր... մի արհավիրք, որը շատ ծանր բեռ է մեր փոքրիկ երկրի եւ ազգի համար: Քաղաքակիրթ աշխարհն էլի անգութ է ու անտարբեր... 1915 թ.-ից մինչ օրս ոչինչ չի փոխվել թղթե հումանիզմի սին գաղափարախոսության մեջ, այն կրկին միայն թղթե շերեփ է առաջարկում հային, եւ եթե հայը չկռվի ինքն իր գոյության իրավունքի ու պատվի համար իր իսկ արյան գնով, ապա աշխարհն ընդամենը քաղաքավարի իր ցավակցությունը կհայտնի մեր բնաջնջմանը լուռ հետեւելուց հետո։ Այս ամենին գումարվել է նաեւ մոլեգնող Թագավարակ հիվանդությունը, ամեն բան խառնվել է եւ ամեն բան անորոշ է, կյանքի գույները կորցրել են իրենց իմաստը։ Ապագան ասես մշուշոտ է... Այս ամենի մեջ դժվար է հույս գտնել...

Բայց մի հզոր հույս կա, որը կախված չէ որեւէ այլ բանից, քան մեկ հոգու որոշումից, մեկ սրտից ու մեկ հանդիպումից...

Այո՛, ամեն բան սկսվում է մեկ սրտից, ու եթե այդ սիրտն ազատագրվի վախերից, տագնապից եւ հուսահատությունից ու լցվի խաղաղությամբ, հավատքով, ապա ո՛չ մի արտաքին խավար, որքան էլ օրհասական ու ծանր լինի, չի կարող դիմակայել սրտի այդպիսի ամրությանը:

Եվ ի վերջո, այդ սրտի ներսում իշխող նման մթնոլորտին հնազանդվելու է նաեւ արտաքին, ֆիզիկական իրականությունը, այդ սիրտը պարտադրելու է Մեծ Խավարին, որ նա խուճապահար փախչի Հայաստանի երկնքից ու իր տեղը զիջի Լույսին։ Իհարկե՛, դա երազանք ու անիրագործելի միֆ է սովորական, ո՛չ հոգեւոր մարդու համար: Սակայն վերստին ծնված քրիստոնյան ունի նման հնարավորություն, եւ այն շատ իրական ու ազդեցիկ է, այն բխում է Ամենակալ Աստծո գահից, որի առջեւ կանգնած է քրիստոնյան։

«Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը» (Բ  Կորնթ. 3.17):

Ոսկեկուռ այս ճշմարտությունն անհնար է հերքել... Իսկ որտե՞ղ է Ամենակալ ու Ամենազոր Տիրոջ Հոգին, որտե՞ղ է Նրա գահը եւ ինչպե՞ս հասնել այնտեղ...

Պատասխանն ակնհայտ է. «... Չ'գիտէ՞ք որ դուք Աստծո տաճար էք եւ Աստծո Հոգին բնակուած է ձեզանում» (Ա Կորնթ. 3.16):

Այդ գահը մեր հոգու մեջ է, Ինքը Սուրբ Հոգին՝ տերերի Տիրոջ Սուրբ Հոգին, բնակվում է հոգեւոր մարդու սրտում։ Աստված Իր ամբողջ կարողությամբ ու զորությամբ բնակվում է մեկ քրիստոնյայի սրտում: Եվ երբ տեղի ունենա նրանց հանդիպումը, ապա Տիրոջը հանդիպողին կշնորհվի գերհզոր մի զորություն, որը նրա բերանից դուրս գալով՝ կնյութականանա՝ սավառնելով որպես աղոթք ու դավանանք դեպի մթնոլորտը՝ երկսայրի սուրի պես անսանձելի, կործանիչ, որն անհաղթահարելի հարված կպատճառի խավարին...

«Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար։ Որովհետեւ գիրքն ասում է. Ամեն ով որ հաւատա նրան՝ չի ամաչի» (Հռոմ. 10.10-11):

Դա ոչ թե հուսահատությունից օդում վանկարկած խնդրվածք է, այլ կենդանի հանդիպում դեմ առ դեմ, հարց ու պատասխան կենդանի Աստծո հետ, որը հաճեցել է բնակվել այդ մեկ սրտում։ Միայն մե՜կ հանդիպում, մե՜կ հարց ու մե՜կ պատասխան, եւ չարի օրհասական վախճանը չի ուշանա։

Չարը գիտի այդ մասին ու ամեն ջանք անում է, որ այդ հանդիպումը չկայանա՝ բերելով տագնապալի լուրեր, դեպքեր: Նա հարվածում է այդ սրտին վախի, անհուսության փոթորիկներով, մահվան սպառնալիքով ու հիվանդության հոգսերով, սադրում է ատելությամբ։

Բայց այդ հարվածները միայն դրսից են... Եվ եթե թույլ ես տվել, որ դրանցից գեթ մեկը ներս սպրդի եւ խանգարի այդ հանդիպմանը, ապա դեռ ուշ չէ երես թեքելու դրանից ու մոտենալու Շնորհաց Գահին։ Վերցրո՛ւ առաքյալի ձեռքով սեպված խոստումն անջնջելի գրով. «... Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Արդ հնազանդեցէք Աստծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կփախչի ձեզանից» (Հակ. 4.6-7):

Եվ դարձյալ. «Ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չ'տեսաւ եւ ականջ չ'լսեց եւ մարդի սիրտ չ'ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։ Բայց մեզ հայտնեց Աստված իր Հոգովը. Որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստծո խորքն էլ։ Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները եթէ ոչ մարդի հոգին, որ նրանում է. այնպէս էլ Աստուծո բաներն ոչ ով չ'գիտէ, եթէ ոչ Աստուծո Հոգին։ Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. Որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ» (Ա Կորնթ. 2.9-12):

Վերջում էլ կնքիր հաղթանակի դատավճռով սրտիդ ամրոցը. «Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. Որ իր Որդին էլ չ'խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. Էլ ի՞նչպէս նրա հետ ամեն բան չի շնորհիլ մեզ» (Հռոմ. 8.31-32):

Եվ ազատ արձակիր Հոգու սուրը դեպի մթնոլորտ...

Մի՛ նայիր կողքերդ, այդ մեկ հոգին կարող ես լինել դու, կարող եմ լինել ես եւ կարող ենք լինել բոլորս միաբան, եթե մինչեւ վերջ անդավաճան պահենք Հոգու՝ ազատության մեջ մեզ տրված հաղթության դրոշը՝ Աստծո անխախտելի խոստումը... մինչեւ հաղթանակ։

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.