Մեղքի «հաճելի» պատկերումն ու «դառնալից» հետևանքը
Երբ սատանան հավատացյալներին մղում է մեղքի, նա սիրում է պատկերել այն գեղեցիկ և կատարյալ կերպով՝ առանց ամբողջական պատկերի ցուցադրման, առանց նկարագրելու դրանից հետո առաջ եկող տառապանքը, կորուստը, վիշտը և սրտի ցավը: Նրա այդ վարմունքը նպատակ ունի ձեզ հոգևոր դաշտից հեշտությամբ հեռացնելու: Նա նման կերպ վարվեց անգամ Դավիթի հետ տանիքում, երբ նա նայեց այլ տղամարդու կնոջը: Այդ պահին Դավիթը նայեց իր առջևի պատկերին, այնուհետև սխալ ընտրություն կատարեց՝ ընկնելով դավաճանության ու շնության մեղքի մեջ:
Տերը Դավիթին մի օրհնյալ խոստում ուներ տված. «Եւ քո տունը եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է, քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան» (Բ Թագավորաց 7.16): Այլ բառերով՝ քայլի՛ր Ինձ հետ, և Ես կօրհնեմ քեզ ու քո տունը: Նման կերպով ևս Աստված խոստանում է օրհնել մեզ, բայց այս օրհնությունները պատահականությամբ չեն, որ տրվում են մեզ: Մեր կատարած ընտրություններից են կախված դրանց հաջորդող օրհնյալ հետևանքները:
Մենք բոլորս էլ հանգում ենք կյանքի այն կարևորագույն կետերին, որոնք մեծապես ազդեցություն են ունենում մեր ապագայի հետագա ընթացքի վրա ճիշտ այնպես, ինչպես Դավիթի դեպքում: Ցավոք, նա ամենավիճարկային պահին սխալ ընտրություն կատարեց՝ չգիտակցելով, որ մարդասպան և ստախոս կդառնա: Այնուամենայնիվ, անգամ այդ սխալ որոշումից հետո նա ապաշխարեց և կրկին անգամ համոզվեց, որ Աստված ողորմած է:
Դավիթը վերադարձ կատարեց դեպի իր առաջին սերը, որովհետև, ինչպես նկարագրում են Գրությունները, նա Աստծո սրտի համեմատ մարդ էր: Սաղմոս 51-ը մեզ տալիս է նրա սրտի վիճակը. «Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. Եւ քո մեծ ողորմութեան պէս գջնջիր իմ անօրէնութիւնները Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը»(Սաղմոս 51.1-2):
Գոտեպնդվե՛ք, եթե ձեր հոգևոր ճանապարհին ինչ-որ սխալ ընտրություն եք կատարել, շտկե՛ք իրավիճակն ապաշխարությամբ, քանի որ Նա հենց դա է ակնկալում ձեզանից: Նա ձեզ կտա հաղթանակ հենց այնտեղ, որտեղ գտնվում եք: Հենց դա է առաջին սերը՝ բարձրանալ այնտեղ, որտեղից որ ընկել եք։ Դրա հետ միաժամանակ ձեզ կտրվեն այն բոլոր օրհնությունները, որոնք գալիս են միայն ու միայն Աստծո ձեռքից:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org