Լեռները ճանապարհ կշինեմ
Եվ իմ բոլոր լեռները ճանապարհ պիտի շինեմ… Եսայա 49.11
Երբ Աստված գործի, արգելք հանդիսացող բաներն իսկ Նրա նպատակի համար կծառայեն: Մեր կյանքի ճանապարհին կան լեռներ, անհատներ, կամ ուրիշ բաներ, որոնք արգելում են մեզ առաջ գնալու հոգեւոր կյանքում: Ծանր պարտականություններ, անհարմար գործ, մարմնի խայթոց, ամենօրյա խաչեր եւ դժվարություններ միշտ կան, եւ մենք մտածում ենք, որ եթե սրանք չլինեին, մենք ավելի սուրբ եւ Աստծոն հաճելի կյանք պիտի կարողանայինք ապրել, եւ աղոթում ենք, որ Տերը դրանք վերցնի:
Ո՛վ անմիտներ եւ թերահավատներ, հենց դրանք են, որ Տերը պիտի գործածի մեզ հասցնելու այն կյանքին, որի համար այնքան ջերմեռանդ աղոթում էինք:
Դու տարիներով համբերություն ես խնդրել դիմագրավելու այն դժվարությունը, որ քեզ այնքան ծանրորեն փորձում է, եւ որից դու այնքան հաճախ փորձել ես խույս տալ: Քեզ համար անպատմելի արգելք է դարձել այն, եւ դու համոզված ես, որ եթե այդ արգելքը վերցվի, դու իրապես հաղթականորեն պիտի տիրանաս կյանքին:
Համբերություն կարող ենք սովորել միայն անտանելի թվացող նեղություններով: Ուրիշ տարբերակ չկա:
Ուստի ե՛տ գնա, ենթարկվի՛ր, խնդրի՛ր, որ Տեր Հիսուսի համբերությանը բաժնեկից լինես: Փորձություններդ Նրա հետ դիմագրավիր: Կյանքում չկա մի դժվարություն, որքան էլ որ այն լինի անտանելի, որ Տերը չգործածի բարձրագույն նպատակի համար: Սրանք Իր լեռներն են: Նա է դրանք դրել: Նա երբեք պիտի չթերանա Իր խոստումները կատարելու համար: Ու երբ մենք լեռների չափ մեծ դժվարությունների հանդիպենք, Նա մեզ համար դրանց մեջից անցնելու ճանապարհներ պիտի բացի: Ֆ.Պ.ՄԷՅԷՐ
«Վտակներ անապատի մեջ» գրքից