Երբ Տիմոթեոսը միացավ Պողոսին միսիոներական ծառայության ժամանակ, դեռ շատ երիտասարդ էր: Պողոսը նրան ուղարկեց Եփեսոս կոչվող մի քաղաք՝ օգնելու եկեղեցի հիմնել և առաջնորդել այն: Թեև Տիմոթեոսը պայքարում էր սեփական վախերի դեմ, այնուամենայնիվ Աստված օգտագործեց նրան։

Ահա՛ երեք դասեր Տիմոթեոսից, թե ինչպես իրագործել Աստծո կոչումը քո կյանքում:

Զարգացրո'ւ այն պարգևները, որոնք Աստված տվել է քեզ:

Աստվածաշունչն ասում է. «Ոչ ոք քո մանկութիւնը չ’անարգէ. այլ օրինակ եղիր հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով, Մինչեւ որ գամ՝ միտք դիր կարդալուն, յորդորմունքին եւ վարդապետութեանը։ Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար. որ քեզ տրուեցաւ մարգարէութիւնով երիցութեան ձեռնադրութեամբը։ Սորանք մտածիր, սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի» (Ա Տիմոթեոս 4.12–15):

Պողոսը նաև Տիմոթեոսին ասաց, որ «Այդ պատճառով միտքդ եմ բերում որ արծարծես Աստուծոյ այն շնորհքն, որ քեզանում է իմ ձեռքերը քեզ վերայ դնելովը։ Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան» (Բ Տիմոթեոս 1.6-7): Որպես հավատացյալ՝ դու քո ողջ կյանքի ընթացքում պատասխանատվություն ես կրում զարգացնելու Աստծո՝ քեզ տրված տաղանդներն ու շնորհները:

Հրաժարվե՛ք մոլորվելուց

Պողոսն ասում է Տիմոթեոսին Ա Տիմոթեոս 4.16-ում. «Ուշադիր հետևի'ր, թե ինչպես ես ապրում և քո ուսուցմանը: Հավատարիմ մնա այն ամենին, ինչ ճիշտ է հանուն քո փրկության և քեզ լսողների փրկության»:

Հեշտ է շեղվել, երբ ամբողջությամբ ներդրվում ես քո բիզնեսի առաջխաղացման մեջ կամ օրինակ անընդհատ մտածում ես կարիերայի կամ խնայողությունների մասին՝ մոռանալով անգամ ընտանիքի մասին: Շատ մարդիկ էլ իրենց կյանքի բազում ժամեր վատնում են ինտերնետում և հեռախոսներում: Որպես Հիսուսի հետևորդ՝ դու պետք է ուշադրության կենտրոնում պահես ամենակարևոր բաները, որպեսզի կարողանաս կատարել քո կոչումը:

Տո՛ւր Աստծուն քո լավագույնը

Աստվածաշունչն ասում է. «Պատերազմիր հաւատքի բարի պատերազմը, եւ բռնիր յաւիտենական կեանքը որի մէջ կանչուեցար, եւ դաւանեցիր բարի դաւանութիւնը շատ վկաների առաջին» (Ա Տիմոթեոս 6.12):

Աստված քեզ կանչել է հստակ առաքելությամբ, և այն կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ դրան տրամադրես քո ժամանակի, ջանքերի, զոհաբերության և կենտրոնացման առավելագույնը: Պողոսն ասում է Տիմոթեոսի մասին. «Տիմոթեոսի նման ուրիշ ոչ ոք չունեմ» (Փիլիպպեցիս 2.20): Տիմոթեոսի նման աշխարհում ոչ ոք չկար Պողոսի համար։ Նա նվիրված էր Աստծուց իրեն տրված կոչմանը: Ոչ ոք չէր կարող շեղել կամ հուսահատեցնել նրան, և նա Աստծուն տվեց իր լավագույնը: Երբ դու Աստծուն տալիս ես քո լավագույնը և հետևում Նրանից քեզ տրված կոչմանը, Աստված էլ քեզ կշնորհի լավագույնը:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.