Լավագույն պատմությունը սիրո մասին
Հիվանդանոցում իմ կողքի մահճակալին պառկած էր 30-ամյա մի հրեա: Նա ստիպված էր եղել փախչել Ռուսաստանից և արդեն հասցրել էր շատ բան վերապրել:
Թոքախտի վերջին փուլում վերջապես նա հայտնվել էր հիվանդանոցում, որտեղ նրա հանդեպ ցուցաբերում էին քրիստոնեական սեր ու ողորմածություն: Թեպետ նա զգում էր, որ շատ քիչ է մնացել ապրելու, միևնույնն է, չէր հավատում ո՛չ Աստծուն, ո՛չ անդրշիրիմյան կյանքին՝ ենթադրելով, որ մահվան հետ ամեն բան ավարտվում է:
Երբ ինձ առաջին անգամ թույլատրեցին վեր կենալ և դուրս գալ հիվանդասենյակից, նա ինձ խնդրեց գրադարան այցելել և իր համար գիրք բերել: Ես խոստացա կատարել խնդրանքը, եթե իմ հիվանդ ոտքերը թույլ տային, և հարցրեցի, թե ինչ գիրք է ցանկանում կարդալ: «Բերեք ինձ մի հին լավ սիրո պատմություն, բայց որ անպայման լինի հետաքրքիր և ուշագրավ»,- ասաց նա:
Ես դուրս եկա՝ ինքս ինձ կշտամբերով, թե ինչու հարցրեցի, որովհետև եթե չհարցնեի, ապա իմ ճաշակով մի բան կընտրեի, իսկ հիմա պետք է ստիպված կատարեի նրա խնդրանքը:
Գրադարանի ճանապարհին ես խնդրեցի Աստծուն ցույց տալ ինձ ճիշտ գիրքը, որը կարող էր նաև օգուտ բերել մահացու հիվանդ խեղճ այդ մարդուն: Միջանցքներով ու հարկերով երկար քայլելուց հետո ինձ վերջապես հաջողվեց հասնել հիվանդանոցի գրադարան: Երբ բացեցի գրքերի պահարանը, հայացքս միանգամից ընկավ Աստվածաշնչի վրա, և ես հիշեցի այս խոսքերը. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»։
Վերցրեցի Աստվածաշունչը: Վերադառնալով հիվանդասենյակ՝ բացեցի այդ խոսքը՝ Հովհաննեսի 3.16-ը, դրեցի հրեայի անկողնու վրա և մատով ցույց տվեցի ընդգծված այդ խոսքը:
Կարդալով՝ նա լուռ նայեց ինձ, հետո Աստվածաշնչին: Հետո մտահոգ ժպիտով արտաբերեց. «Ա՜յ, դու խորամանկ»:
Ես հավաքելով համարձակությունս՝ ասացի, որ դա ամենալավ և ուշագրավ սիրո պատմությունն է, որը երբևէ գրվել է:
Թվում էր, թե այդ անհավատ մարդը խորապես ցնցված էր աստվածային սիրո լուրից: Այդ օրվանից նա ամեն օր Աստվածաշունչ էր կարդում:
Կարդացածի մասին որևէ խոսակցություն նա չէր սկսում, թեկուզ ուժ էլ արդեն չուներ որևէ խոսակցություն սկսելու: Հաճախ, երբ թուլությունը գլուխ էր բարձրացնում, Աստվածաշունչը մնում էր բացված նրա կրծքի վրա, կամ էլ փակ՝ ձեռքերի մեջ: Այդ տեսարանը խորապես հուզում էր ինձ:
Մի անգամ, երբ հիվանդը քնել էր, նրան խնամող բուժքույրը փորձեց զգուշորեն վերցնել Աստվածաշունչը: Նա միանգամից արթնացավ և չէր հանգստանում, մինչև նորից իր ձեռքում հայտնվեց Սուրբ Գիրքը:
Երբ մի քանի շաբաթ անց ինձ թույլատրված էր լքել հիվանդանոցը, նա ցանկացավ ինձ հետ գալ և մնալ ինձ մոտ, ինչը, ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէր, քանզի նրա առողջությունը օրեցօր վատանում էր:
Ինձ որոշ ժամանակով ուղարկեցին գյուղ՝ վերականգնվելու համար, որից հետո ես ամրացած վերադարձա տուն: Հաջորդ օրը շտապեցի հիվանդանոց: Ընկերոջս անկողնում արդեն ուրիշ հիվանդ էր պառկած: Ինձ հայտնեցին, որ նա մահացել է մի քանի օր առաջ: Բուժքույրը, ով այդ պահին նրա մոտ էր եղել, ասաց, որ մահանալիս հրեան չէր դադարում Հիսուսի անունը կանչել, և նրա դեմքը անօրինակ երջանիկ էր ու փայլուն:
Իմ սիրտը ցնծում էր ուրախությունից: Ես այնքա՜ն շնորհակալ էի Աստծուց, որ Իր բարեհաճությամբ ինձ օգտագործել էր այդ մահամերձ հիվանդին աշխարհի ամենահիասքանչ սիրո պատմության հետ ծանոթացնելու գործում:
Աղբյուր՝ bogoblog.ru