1. Թաջ Մահալի տիրուհին՝ հայուհի

Մումթազ Մահալ (Արջումանադ Բանու Բեգամ) (1593-1631 թթ.)

Ըստ Թաջ Մահալի կառուցման պատմության՝ Պարսկաստանից Հնդկաստան տեղափոխված հայերի թվում էր նաև Արջումանդին՝ իր ընտանիքի հետ: Նրա հայրը չափազանց հարուստ էր, այդ իսկ պատճառով բարի հարաբերություններ է սկսում կայսերական ընտանիքի հետ: Որոշ ժամանակ անց Արջումանդը հանդիպում է իր կյանքի սիրուն և տարիներ անց ամուսնանում նրա՝ արքայազն Քուրամի հետ: Ամուսնության ժամանակ, ավանդույթի համաձայն, Քուրամի հայրը՝ Շահ Ջահանդիրը, հարսին տալիս է նոր անուն՝ Մումթազ Մահալ, որը նշանակում է «պալատի զարդ»։ 1612 թվականին 19 տարեկանում կայսեր հետ ամուսնացած Մումթազ Մահալը Շահ Ջահանից ունենում է 13 երեխա։ Բայց, 14-րդ զավակի ծննդաբերության ժամանակ՝ մահանում է ամուսնու ռազմական ճամբարում: Մահամերձ վիճակում նա ամուսնուն խնդրում է իր գերեզմանին կառուցել տաճար, որն արժանի լինի իրենց սիրուն։

Շահ Ջահանը հրամայում է Ագրա տեղափոխված կնոջ գերեզմանի վրա կառուցել մարմարե մեծ դամբարան, որի շինարարությունը տևում է 22 տարի, եւ Մումթազ Մահալիի պատվին էլ այն կոչվում Թաջ Մահալ՝ «Թագի պալատ»։

2. Զապել Եսայան- հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս

Մարդկության պատմության ամենախիզախ կանանց հնգյակում իր պատվավոր տեղը ունի հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանը՝ կանանց իրավունքների պաշտպանության իսկական առաջամարտիկը: Զապել Եսայանը լինելով ծնունդով Կոստանդնուպոլսից՝ Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանն ավարտելուց հետո՝ մեկնել է Փարիզ և հետևել Սորբոնի ու Կոլեջ դը Ֆրանսի գրականության և փիլիսոփայության դասընթացներին։ Այնուհետև վերադարձել է Կ. Պոլիս, եղել Կիլիկիայում և գրի է առել այդ տարիներին տեղի ունեցող իրավիճակի ողջ ճշմարտությունը:Սակայն, երբեք անարդարության մասին չլռելն ու ճշմարտության մասին բարձրաձայնելը բավական թանկ է նստում նրա վրա: Թեպետ 1915-ին նա կարողանում է խուսափել ձերբակալությունից ու ապաստանել Բուլղարիայում, ապա Թիֆլիսում, բայց հետո՝ 1936 թվականին արդեն Խորհրդային Հայաստանում դառնում է ստալինյան ճնշումների զոհը: Այդուհանդերձ, նա անգամ ստալինյան բանտից նամակներ էր գրում՝ նույնպիսի խիզախությամբ: Առ այսօր նրա մահվան հանգամանքներն անհայտ են:

3. Անիտա Կոնտի-Կարագոշյան-աշխարհի առաջին կին օվկիանոսագետը

Անիտա Քարաքոչյանը ծնվել է 1899 թվականի մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում։ Անիտան ծնողների հետ ճանապարհորդել է ամբողջ Եվրոպայով։

Ամուսնությունից հետո Անիտան սկսել է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հետազոտելով ծովը և խնդիրները, որոնց հետ առնչվում էին ձկնորսները։ Նա շատ ժամանակ է անցկացրել ձկնորսական նավերի վրա և շատ է ընթերցում՝ ծովի բուսական և կենդանական աշխարհին լավ ծանոթանալու համար։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկա ժամանակահատվածում Անիտա Կոնտին մշակել է ձկնորսության գիտական մեթոդիկա՝ կիրառելով նավիգացիոն քարտեր։ Հրատարակել է շատ գիտական հոդվածներ և տեղեկություններ՝ արդյունաբերական ձկնորսության նեգատիվ հետևանքների և ձկնորսության հետ կապված տարբեր խնդիրների մասին։

1939թվականին, 3 ամիս ժամանակով, ձողաձուկ որսալու համար Անիտա Կոնտին «Վիկինգ» ձկնորսանավով ուղևորվել է Արկտիկա և եզրահանգել, որ  օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։

1941-1943 թվականներին ձկնորսանավով երթևեկել է Աֆրիկայում։ Կոնտիի ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին ու խաղաղ բնակչությանը: Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնե քաղաքում: Նրա աճյունը, կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

4. Զարուհի Քավալջյան-Թուրքիայի առաջին կին բժիշկը

Ծնվել է Թուրքիայի Ադափազար քաղաքում: Նրա հայրը՝ Սերոբ Քավալջյանը, 1875թ. ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը և Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպես բժիշկ: Զարուհին 1898թ. ավարտում է Ադափազարի Ամերիկյան իգական քոլեջը և նույն թվականին մեկնում ԱՄՆ, քանի որ Օսմանյան պետությունում կանաց արգելված էր բժշկություն ուսումնասիրել: Չիկագոյում Քավալջյանը ընդունվում և 1903թ. ավարտում է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Այնուհետև վերադառնում է Ադափազար և որոշ ժամանակ հոր հետ աշխատում որպես բժիշկ: Միաժամանակ նա նաև Ամերիկյան քոլեջում կենսաբանություն էր դասավանդում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քավալջյանը ակտիվորեն մասնակցում է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատությունների աշխատանքներին, իսկ ավելի ուշ տեղափոխվում է Ստամբուլ: Բացի բժշկությունից, Զարուհին զուգահեռաբար շարունակել է դասավանդել Ուսկյուդարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է դառնում Դոկտոր Քավալ անվամբ:

5.      Դեյմ Սայան Սրբուհի Իլայաս (1949 թ.)- Գերագույն դատարանի առաջին կին նախագահը

Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի առաջին կին նախագահը նույնպես հայուհի է: Նոր Զելանդիան որոշեց, որ արքայական փաստաբանի պաշտոնում ընտրված առաջին երկու կանանցից մեկը՝ Դեյմ Սայան Սրբուհի Իլայասը, որը տեղաբնիկ մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջերմեռանդ կողմնակից էր, պետք է դառնա գերագույն դատավոր: Ընդ որում՝ Նոր Զելանդիայի Գերագույն դատավորի պաշտոնի յուրահատկությունն այն է, որ նրա պարտականությունների մեջ է մտնում երկրի գեներալ-նահանգապետին փոխարինելը (նա նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից)՝ նրա հիվանդության կամ անհրաժեշտ պահին բացակայելու դեպքում: Դեյմ Սայան Սրբուհի Իլայաս մասին New Zealand Herald-ը գրում է. «Եթե կա բնավորության մի գիծ, որը նրան ճանաչողներից ոչ ոք չի վիճարկի, այն է, որ նա բարեհամբույր է բոլոր դեպքերում, անգամ երբ խիստ քննադատվում է»:

6․ Աշխեն Հովակիմյան (Ագնես Հուակիմ) (1854-1899 թ..)- Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծողը

Հայկական ծագումով անգլիացի և սինգապուրցի գիտնական-այգեգործ Աշխեն Հովակիմյանը ստացել է խոլորձի «Միսս Ջոաքիմի Վանդա» հանրահայտ տեսակը, որը համարվում է Սինգապուրի խորհրդանիշը։ Ագնեսը, ինչպես և նրա մայրը, հետաքրքրվում էր այգեգործությամբ և եղել է հայ համայնքի ակտիվ անդամ։ Նա խոլորձներ էր աճեցնում Tanjong pagar-ի իրենց ընտանեկան կալվածքի այգում։ Նա ընդհանուր առմամբ նվաճել է քսանյոթ առաջին և տասնհինգ երկրորդ մրցանակ։ Իսկ հայտնի է դարձել, երբ1899 թվականին ծաղկի ցուցահանդեսում ներկայացրել է իր աճեցրած այն խոլորձը, որը հետագայում ստացավ ստեղծողի անունը՝ «Միսս Ջոաքիմի Վանդա»։  2015թ. Աշխեն Հովակիմյանի անունը ներառվել է Սինգապուրի Կանանց փառքի ճեմասրահում։

7․ Ինժեներ Աննա Կազանջյան Լոնգոբարդո

Աննա Կազանջյան Լանգոբարդոն Միացյալ Նահանգներում ճարտարագիտության ոլորտի առաջին կին ներկայացուցիչն էր։ 1952 թ., Կոլումբիայի համալսարանում պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը՝ Աննան դարձել է մեքենաշինության ոլորտում առաջին կին գիտնականը:Նա  Միացյալ Նահանգներում առաջին կինն էր, ով աշխատել է նավատորմի համար նախատեսված ծրագրերի վրա:  Շատ ճարտարագետների կարծիքով` նավերի կառուցման ոլորտում նրա ճշգրիտ հաշվարկներ են հիմնականում նրան ճանաչում բերել: Ներառվել է Նյու Յորքի «100 ազդեցիկ կանայք» շարքում։

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.