Խոստովանելու ժամանակն է, որ ձեր ծրագրերը երբեմն չեն գործում. Ռիկ Ուորեն
Մտածե՛ք, թե որքան դժվար էր Սիմոն Պետրոսի համար ընդունել իր ձախողումը Հիսուսի առաջ: Նա արհեստավարժ ձկնորս էր և արտակարգ տիրապետում էր դրան: Նա իր ողջ կյանքի ապրուստը վաստակել էր դրանով: Բայց երբեմն նույնիսկ լավագույն ձկնորսները կարող են ողջ գիշեր ձուկ որսալ ու հաջողության չհասնել:
Արդյո՞ք ձեր կյանքն էլ է երբեմն նույն կերպ դասավորվում: Երբեմն ձեր «լավագույնը» բավականաչափ լավը չէ, և երբեմն էլ ձեր վերահսկողությունից դուրս իրավիճակների եք բախվում: Դուք չեք կարող վերահսկել տնտեսությունը: Դուք չեք կարող վերահսկել եղանակը: Դուք չեք կարող վերահսկել շատ բաներ, որոնք ազդում են ձեր կյանքի վրա:
Այսպիսով, ի՞նչ եք անում, երբ շարունակաբար քրտնաջան աշխատելով՝ ձեր գործում տեսանելի արդյունքների չեք հասնում:
Նախ հարկավոր է Հիսուսին թույլատրել նստել ձեր նավ: Այլ կերպ ասած՝ թո՛ղ Նա լինի ձեր գործունեության կենտրոնը: Հետո, երբ Հիսուսին խնդրեք մտնել ձեր նավը, դուք պետք է խոստովանեք, որ ձեր գործելաոճը արդյունավետ չէ, որպեսզի Նա կարողանա ստանձնել Իր տիրապետությունը: Աստվածաշունչը «ընդունել, որ քո տարբերակը չի գործում» գործելաոճին կոչում է խոստովանություն:
Իսկ ո՞րն է պատճառը, որ շատ հաճախ ձեզ համար դժվար է ընդունել այն, որ ձեր ճանապարհները չեն գործում: Ահա՛ մի քանի պատճառ.
Հպարտություն: Դուք չեք ցանկանում, որ ինչ-որ մեկը կարծի, որ դուք ի զորու չեք կարգավորել իրավիճակը: Փոխարենը՝ դուք ուզում եք, որպեսզի բոլորը տեսնեն, թե ամեն բան ձեր վերահսկողության ներքո է: Դուք կարծում եք, որ ամեն բան կարող եք ինքնուրույն կարգավորել, նույնիսկ եթե դա նշանակում է աշխատել օրական 12 ժամ:
Համառություն: Դուք պատրաստ չեք փոխել ձեր գործելաոճը: Գիտե՞ք՝ վաղվա հաջողության ամենամեծ թշնամին երեկվա հաջողությունն է:
Վախ: Դուք վախենում եք խոստովանել, որ ամբողջ գիշեր ձկնորսությոամբ եք զբաղվել և ոչինչ չեք որսացել: Դուք վախենում եք, որ մարդիկ ձեզ կհամարեն ձախողակ: Դուք վախենում եք թույլ տալ Հիսուսին մտնել ձեր նավը, քանի որ Նա կարող է ուղղորդել ձեզ այնպիսի ուղղությամբ, որով դուք չեք ուզում գնալ:
Ժամանակն է խոստովանելու, որ ձեր ճանապարհները արդյունավետ չեն գործում: Թողե՛ք ձեր հպարտությունը, համառությունն ու վախը: Հետո տեսե՛ք, թե ինչպես է Հիսուսը կառավարում ձեր նավակը՝ լեցնելով ձեր ուռկանները անթիվ ձկներով:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com