Խո՛րը մտածիր և պատրաստվի՛ր
Երբ տարին հասնում է իր ավարտին, անհրաժեշտ է, որ մենք ժամանակ տրամադրենք ու խորը մտածենք, թե Աստված մեր կյանքում ինչ է արել և ինչ է պատրաստվում անել: Նոր տարին նոր հնարավորություններ է տալիս մեր կյանքը կենտրոնացնելու Աստծո բարության շուրջ: Իմ աղոթքն է, որ երբ սկսես շուրջդ նայել տեսնելու, թե ինչ է սպասվում քեզ, դու տեղ թողնես ստանալու Աստծո ծրագիրը քեզ համար, քո հույսերն ու գործերը կառուցես Նրա շնորհի վրա և ուրախանաս այն ամենով, ինչ Աստված արել և անում է: Թո՛ղ այս շաբաթ քո ժամանակը լցված լինի Երկնավոր Հոր սիրո ներկայությամբ:
Տիրոջ ողորմությունների պատճառով է, որ չսպառվեցինք, որովհետև Նրա գթությունը չի նվազում. դրանք նոր են ամեն առավոտ. մեծ է Քո հավատարմությունը: «Տերը իմ բաժինն է,- ասաց իմ հոգին,-այդ պատճառով Նրան եմ հուսալու» (Ողբ Երեմիա 3.22-24):
Երբ հին տարին ավարտվում է և նոր տարին մոտենում, ժամանակն է, որ մեր կյանքում ինչ-որ բաներ վերածնվեն: Ինչ մեղք էլ որ այս տարում տիրել է քեզ, չպետք է հաղթի եկող տարում: Ինչ ստի էլ որ հավատացել ես, որ խորտակել է քո հույզերը, մտքերը և քայլերը, եկող տարում չպետք է հաղթի քեզ մտքի պատերազմում: Ինչ կապանք կամ հիասթափություն էլ որ ցավեցրել է քեզ, կբուժվի ու կվերափոխվի՝ քեզ զորացնելու այն բանի համար, որ պիտի գա:
Աստծո սիրտն ուզում է հանդիպել քեզ, որտեղ դու կաս այսօր: Նա ուզում է հանդիպել քեզ քո տկարության ծայրաստիճան վիճակում ու պատել Իր սիրով: Նա ուզում է, որ դու իմանաս՝ Նա քեզ հետ է, քո կողմից է և կքայլի քեզ հետ քո կյանքի ամեն նոր իրավիճակում («Նրա գթությունը չի նվազում. դրանք նոր են ամեն առավոտ» Երեմիա 3.22-23): Աստված քեզ համար անսահման ու հզոր շնորհ ունի այսօր:
Վազի՛ր Նրա մոտ քո մեղքով հանդերձ: Վազի՛ր Նրա մոտ քո ձախողումներով ու պայքարներով հանդերձ: Վազի՛ր Նրա մոտ այն ցավով, որ տվել են ուրիշների խոսքերը. Նա կխոսի Իր բժշկարար ճշմարտությունը քո մասին: Բացի՛ր քո սիրտը Նրա առաջ և ընդունի՛ր նոր կյանքը, որի համար Նա ամենամեծ գինն է վճարել:
Աղբյուրը՝ crosswalk.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը