Կհայտնվե՞ք արդյոք երկնքում, եթե մահանաք այս գիշեր
Մեկ անգամ Լոնդոնի հարավում գտնվող մի եկեղեցու այցելու թույլտվություն է խնդրում կիսվել իր վկայությամբ:
Հովիվը նայելով ժամին՝ 3 րոպե է տալիս նրան, և նա իսկույն սկսում է իր պատմությունը.
«Վերջերս եմ տեղափոխվել այստեղ: Նախկինում Սիդնեյում էի ապրում՝ Ավստրալիայում: Մեկ անգամ, երբ գնում էի բարեկամներիս այցելելու, անցնում էի Ջորջսթրիթով:
Խանութի շքամուտքից իմ դիմաց դուրս եկավ մի ծեր փոքրամարմին տղամարդ, ինձ մի գրքույկ մեկնեց ու ասաց. «Ներեցե՛ք, պարո՛ն, իսկ դուք փրկվա՞ծ եք: Կհայտնվե՞ք արդյոք երկնքում, եթե մեռնեք այս գիշեր»: Ես ցնցված էի այդ հարցից, որովհետև նախկինում ոչ ոք ինձ նման հարց չէր տվել: Ես մեղմորեն շնորհակալություն հայտնեցի նրան, սակայն դեպի Լոնդոն ողջ ուղևորությանս ընթացքում մտքիցս չէր հեռանում այդ հարցը: Հետո ես կապ հաստատեցի ինձ ծանոթ մի քրիստոնյայի հետ, ով էլ ինձ ապաշխարության բերեց»:
Այս վկայությունը լսելուց որոշ ժամանակ անց այդ եկեղեցու հովիվն Ավստրալիայի Ադելաիդ նահանգում է ծառայություններ անցկացնում: Ծառայությունից հետո նրան է մոտենում մի կին: Զրուցելու ընթացքում կինը պատմում է իր կյանքի մասին, թե ինչպես է ինքը Քրիստոսին եկել:
Պարզվում է՝ մեկ անգամ, երբ այս կինն անցել է նույն Ջորջսթրիթով, նրան է մոտեցել մի ծեր պապիկ ու գիրք առաջարկելով՝ ասել. «Ներեցե՛ք, տիկի՛ն, փրկվա՞ծ եք դուք արդյոք: Կհայտնվե՞ք երկնքում, եթե այս գիշեր մահանաք»: Այս խոսքերն անհանգստություն են առաջացնում կնոջ մեջ, և դրա արդյունքը լինում է այն, որ նա քրիստոնյա է դառնում:
Հովիվը զարմացած էր, որ երկու շաբաթվա ընթացքում, լինելով աշխարհի տարբեր ծայրերում՝ նա լսում է երկու հոգու, ովքեր նույն պատմությունն են պատմում:
Հետո նա մեկնում է արևմտյան Ավստրալիա, որտեղ պետք է մեկ այլ եկեղեցում ծառայեր: Ծառայությունից հետո նա ընթրիքի էր հրավիրված տեղի համայնքի առաջնորդի հետ: Զրույցի ընթացքում տեղի հովիվը պատմում է իր ապաշխարության պատմությունը. «15 տարեկանից ես այս եկեղեցի եմ եկել, սակայն մտերիմ հարաբերություններ չեմ ունեցել Հիսուսի հետ: Ես բոլորի հետ անում էի այն, ինչ իրենք էին անում, չարին չարությամբ էի պատասխանում, բարին՝ բարությամբ:
Եվ մեկ օր Սիդնեյում Ջորջսթրիթով անցնելիս՝ ինձ մոտեցավ մի ծերունի ու մի գրքույկ առաջարկեց՝ հարցնելով. «Ներեցե՛ք, պարո՛ն, իսկ դուք փրկվա՞ծ եք: Կհայտնվե՞ք արդյոք երկնքում, եթե այս գիշեր մեռնեք»: Ես բացատրում էի նրան, որ եկեղեցի եմ հաճախում, որ փրկված եմ, սակայն դա այնքան էլ տպավորություն չգործեց նրա վրա: Տան ճանապարհին ես վրդովմունքով քննարկում էի նրա հարցը, բայց դրա արդյունքը եղավ իմ մտերմությունը Քրիստոսի հետ»:
Ավստրալիայից վերադառնալուց հետո Լոնդոնում համաժողովի ժամանակ հովիվը պատմում է այս երեք դեպքերի մասին: Նրա պատմությունից հետո առաջ են դուրս գալիս երեք տարեց հովիվներ ու վկայում, որ 25-30 տարի առաջ նրանք էլ հանդիպել այդ նույն մարդուն, ով նույն հարցով է մոտեցել իրենց:
Հաջորդ շաբաթ, երբ նա Կարիբյան ծովի ափին էր, քարոզի ընթացքում կրկին պատմում է այս ծերունու մասին: Ծառայության ավարտից հետո նրան են մոտենում երեք միսիոներներ ու պատմում, որ 15-20 տարի առաջ իրենց Աստծուն դառնալու պատճառը նույնպես եղել է այդ ծերունու հարցը փրկության ու հավիտենության մասին:
Հետագայում այս հովիվը շատ անգամ է վկայություններ լսում տարբեր մարդկանցից, որոնք փրկության էին եկել ծերունու հարցը լսելուց հետո:
Մեկ օր, երբ նա Սիդնեյում է լինում, տեղի հովվին հարցնում է, թե արդյոք ինքը լսե՞լ է այդ ծերունու մասին, ով գրքույկներ էր բաժանում այստեղ ու ավետարանում: Տեղի հովիվը պատասխանում է. «Իհարկե, ես գիտեմ նրան, բայց ծերությունն այլևս թույլ չի տալիս, որ նա շարունակի իր գործը»:
Երկու օր անց նրանք գնում են ծերունուն այցելելու:
Կանգնում են նրա համեստ, փոքրիկ տան առջև, թակում դուռը: Տան շեմին մի փոքրամարմին, ծեր մարդ է հայտնվում, ջերմորեն ողջունում նրանց ու ներս հրավիրում: Նա այնքան ծեր էր ու թույլ, որ անգամ ձեռքերն էին դողում, երբ փորձում էր հյուրերին թեյ հյուրասիրել:
Հովիվը պատմում է նրան այն բոլոր վկայությունների մասին, որ ինքը լսել էր մարդկանցից աշխարհի տարբեր ծայրերում: Ծերունու աչքերից արցունքներ են գլորվում, նա անչափ հուզվում է՝ լսելով դրանք: Հետո իր պատմությունն է պատմում.
«Ես նավաստի էի ավստրալական ռազմական նավատորմի կազմում ու բարձիթողի կյանք էի վարում: Մեկ օր ճգնաժամի մեջ հայտնվեցի, մահվան ու կորստի շեմին էի: Եվ իմ ծառայակիցներից մեկը, ում ես վստահեցի, ինձ օգնեց՝ ցույց տալով ճանապարհ դեպի Քրիստոս:
Այդ օրից կյանքս լիովին փոխվեց: Ես այնքան շնորհակալ էի Աստծուն, որ խոստացա Նրան՝ ամեն օր այդ պարզ վկայությունը տալ առնվազն տասը հոգու: Երբ թոշակի անցա, մի վայր ընտրեցի քաղաքի մեջ, դա հենց այն Ջորջսթրիթն էր, որտեղ ամեն օր կարելի էր հազարավոր մարդկանց հանդիպել:
40 տարի շարունակ ես բաժանել եմ այս գրքույկները, բայց մեկ անգամ չէի լսել, որ մեկը դրանց միջոցով փրկություն ստացած լիներ»:
40 տարի այս մարդն իր սերն ու գոհությունն էր հայտնում Քրիստոսին՝ ոչ մի պատասխան չստանալով իր ծառայության դիմաց: Նա չուներ հատուկ տաղանդներ, բայց դա չէր խանգարում նրան Քրիստոսի մասին վկայել: Քրիստոսի վկայությունը նա հասցրել էր ավելի քան 150 հազար մարդու՝ անգամ չիմանալով, թե ինչ է ինքն արել:
Միայն Աստված գիտի, թե ինչ վարձք ունի նա երկնքում:
Այդ այցելությունից երկու շաբաթ անց նա մահանում է:
Գուցե մարդն այս երկրի վրա չառնի իր գործերի հատուցումն ու պատասխանը… այս մարդու մասին ոչ ոք չէր գրել քրիստոնեական թերթերում ու ամսագրերում, սակայն Աստված նրա անունը լավ գիտեր:
Ըստ yesheis.ru-ի