Խավարը արդեն անցել է
Ես հավատում եմ Աստծուն, որ այսպես է լինելու, ինչպես որ ինձ ասվեց: Գործք Առաքելոց 27.25
Մի քանի տարի առաջ նավով Ամերիկա էի գնում: Նավապետը շատ նվիրված հավատացյալ էր: Նա ինձ պատմեց հետեւյալ պատմությունը. «Հինգ շաբաթ առաջ, երբ անցնում էի այստեղով, մի բան պատահեց, որ ամբողջությամբ հեղաշրջեց հոգեւոր կյանքս: Ջորջ Մյուլլերը մեզ հետ նավի վրա էր: Քսանչորս ժամից ավելի անշարժ գտնվում էի գործիս գլխին: Ջորջ Մյուլլերը եկավ մոտս եւ ինձ ասաց. «Պարոն նավապետ, եկա քեզ ասելու, որ ես շաբաթ օրը կեսօրին պետք է Քեպեքում լինեմ»: Իրեն ասացի, թե անկարելի է:
Նա պատասխանեց. «Շատ լավ, եթե քո նավը չի կարող ինձ ժամանակին տուն հասցնել, Աստված ուրիշ միջոց կգտնի: Հիսուն յոթ տարիներից ավել է, որ ես իմ ժամադրությունները հարգել եմ, արի ցած իջնենք եւ աղոթենք»:
Ես իրեն նայեցի եւ մտածեցի, թե այս մարդը անկասկած գժանոցից պիտի փախած լինի, ու ասացի իրեն.
-Միստր Մյուլլեր, գիտե՞ս թե որքան թանձր է այս խավարը:
Նա պատասխանեց.
-Ոչ, չգիտեմ, բայց իմ աչքերը ոչ թե խավարի վրա են, այլ կենդանի Աստծո, ով կառավարում է կյանքիս բոլոր պարագաները:
Մենք ծունկի եկանք եւ նա ամենապարզ աղոթքը մատուցեց Աստծուն: Ու երբ ես պիտի սկսեի աղոթել, Մյուլլերը ձեռքը ուսիս դնելով, չթողեց որ աղոթեմ, ասելով ինձ.
-Նախ, դու չես հավատում, թե Նա պիտի պատասխանի աղոթքին, եւ հետո, ես հավատում եմ, որ Նա արդեն պատասխանել է: Ես իմ Տիրոջը ճանաչում եմ 57 տարուց ավել, եւ եղած չէ մեկ օր, որ թագավորների Թագավորը ինձ չընդունի Իր ներկայության մեջ: Ոտքի ել եւ դուրս նայիր, խավարը արդեն անցել է:
Երբ ոտքի ելա, տեսա թե թանձր խավարը անհետացել է: Ու մենք շաբաթ կեսօրին, ճիշտ իր ժամադրության համաձայն, հասանք Քեպեք:
«Վտակներ անապատի մեջ» գրքից