Խաղաղության գինը
«Երբ նրանք այս բաները խոսում էին, Հիսուսը կանգնեց նրանց մեջ ու ասաց.- Խաղաղություն ձեզ։ Նրանք զարհուրելով վախեցած, կարծում էին, թե ոգի են տեսնում։ Եվ նրանց ասաց. -Ինչու՞ եք շփոթված և ինչու՞ են այսպիսի խորհուրդներ ծնվում ձեր սրտերում։ Տեսեք իմ ձեռքերն ու ոտքերը, որ ես եմ: Շոշափեցեք ինձ և տեսեք, որովհետև ոգին մարմին ու ոսկոր չունի, ինչպես ինձ եք տեսնում, որ ունեմ։ Եվ այս ասելով, ձեռքերն ու ոտքերը ցույց տվեց նրանց»։ Ղուկ. 24.36-40
Հետաքրքիր հանդիպում է, անսպասելի... Աշակերտները շփոթված էին, վախեցած, դուռը փակ էր, բայց Հիսուսի համար չկա ոչ մի արգելք: Նա կարող էր լինել այնտեղ՝ որտեղ աշակերտներն էին, այն պահին, որ չէին սպասում:
Տեր Հիսուսին անհանգստացնում էր աշակերտների շփոթված լինելը, և Նա եկել էր կիսելու նրանց վիշտը, որի համար էլ ասաց. «Խաղաղություն ձեզ»: Ճիշտ է, ողջույնի այս ձևը հրեաների մեջ տարածված էր ու ծանոթ՝ աշակերտներին, բայց Քրիստոսի ողջույնը տարբեր էր, ներծծված սիրով, երկնային խաղաղությամբ:
Դա ավելին էր, քան որևէ ողջույն, որ կարող էր նրանց շփոթված սրտերը հանգստացնել: Ոմանք Հիսուսի այս խոսքերի մեջ հանդիմանություն են տեսնում, բայց հակառակը՝ դրանք սիրով ու բարությամբ էին լցված: Չնայած, որ աշակերտներն օրեր առաջ Իրեն մենակ էին թողել, սակայն Նա եկել էր ոչ թե հանդիմանելու, այլ խաղաղության համար:
Ոչ մի ակնարկ Պետրոսին՝ ուրանալու կամ մյուսներին իրենց վախկոտության վերաբերյալ: Այդպես է, Աստված չի հատուցում մեզ՝ գործերի համեմատ, այլ Իր ողորմության և անսահման սիրո: Տիրոջ բերած խաղաղությունը շոշափելի է: Նա ցույց տվեց խոցված ձեռքերն ու ոտքերը, վճարված գինը:
Այդ նույն ձեռքերը ցույց է տալիս Հորը երկնքում, երբ բարեխոսում է մեզ համար, որպեսզի խաղաղության մեջ ապրենք:
Սիրելի՛ ընթերցող, մի՛ վախեցիր, մի՛ շփոթվիր, ինչ էլ որ լինի: Նա անպայման կգա, երբ դռները փակ են, երբ չես սպասում... Խաղաղություն քեզ...
Մարատ Զաքարյան