Խաղաղությունը՝ զորավոր կյանք ապրելու բանալի
Խաղաղության որոնում. այս որոնումը շատ ազգերի և մարդկանց տանում է ծայրահեղ քայլերի:
Մենք մեր ժամանակի, էներգիայի և ռեսուրսների մեծ մասը սպառում ենք ընտանիքի անդամների, ընկերների և հարևանների հետ խաղաղություն պահպանելու համար: Բայց հաճախ նույնիսկ մեր քրտնաջան փորձերը չեն օգնում պահպանել այդ բաղձալի խաղաղությունը: Որտե՞ղ կարող ենք գտնել խաղաղություն:
Ներքին պատերազմ.
Եթե դուք ձեր կյանքում խաղաղություն ունենալու խնդիր ունեք, նախ և առաջ պետք է գտնեք ձեզ անհանգստացնող հակամարտությունների սկզբնաղբյուրը: Ձեր ներքին պատերազմը շատ փոքր կապեր ունի ձեզ շրջապատող բաների հետ, այն ուղիղ կապ ունի ձեր հոգու հետ:
Աստվածաշունչն ասում է, որ Քրիստոսից առանձին լինելով՝ մենք հեռու ենք Աստծուց և այդ ժամանակ մենք իրականում Նրա թշնամիներն ենք (տե´ս Կող. 1.21):
Քանի որ մարդկությունը ի սկզբանե ստեղծված է Աստծո հետ մտերմության և ընկերակցության համար (տե´ս Ծննդ. 3.8, 5.1), Աստծո հետ բաժանումը գողանում է մեր խաղաղությունը (տե´ս Եփ. 2.12):
Խաղաղության Իշխանը.
Բայց Աստված թույլ չտվեց, որ մենք օտար դառնանք Իրեն: Իր մեծ սիրո համար Աստված ուղարկեց Իր միածին Որդուն, որպեսզի վերականգնի խաղաղությունը Իր և մարդկության միջև և մահանա խաչի վրա մեր մեղքերի համար՝ մարդկանց հնարավորություն տալով Իր միջոցով Հորը գալու (տե´ս Հովհ. 3.16-18):
Աստվածաշունչը Հիսուսին անվանում է Խաղաղության Իշխան (Ես. 9.6): Նա եկավ աշխարհ, որպեսզի կամուրջ ստեղծի մեղավոր մարդու և սուրբ Աստծո միջև: Պողոս առաքյալը ասում է. «Որովհետև Նա է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ դարձրեց և մեջտեղի բաժանման պատը քանդեց» (Եփ. 2.14):
Դու կարող ես դադարել բաժանված լինել Աստծուց՝ քո կյանքը հանձնելով Խաղաղության Իշխանին: Միայն դրանից հետո այս աշխարհի անհանգստությունների մեջ կարող ես կատարյալ խաղաղություն ունենալ (տե´ս Հովհ. 14.27, Փիլ. 4.6-7):
Եթե երբևէ չեք իմացել, թե ինչ է կատարյալ խաղաղությունը, ապա հենց հիմա դիմե´ք Հիսուսին աղոթքով: Դա շատ հեշտ է: Իրականում դա ձեր որոշումն ու իրավունքն է: Աստվածաշունչն ասում է. «Բայց ովքեր ընդունեցին Իրեն, նրանց Նա Աստծո որդիներ դառնալու զորություն տվեց, նրանց, որ կհավատան Իր անվանը» (Հովh. 1.12): Դարձե´ք նրա զավակները այսօր:
Խաղաղության խոստում.
Ամեն նոր օրը կբերի նոր մարտահրավերներ ձեր խաղաղությանը: Բայց ամեն նոր օրը նաև ունի խաղաղության խոստում Աստծուց, որ նման չէ այն խաղաղությանը, որը աշխարհն է առաջարկում:
Հիսուսն ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, Ես տալիս եմ ձեզ: Ձեր սիրտը թող չխռովվի, ո´չ էլ վախենա» (Հովh. 14.27) : Եթե մենք սովորենք ամեն օր քայլել Սուրբ Հոգու զորությամբ, ապա կփորձառենք այն խաղաղությունը, որը խոստում էր՝ որպես Հոգու պտուղի մի մաս (տե´ս Գաղ 5.22, Ես. 32.17): Ամեն անգամ, երբ անհանգստությունը սողում է մեր կյանք, մենք կարող են շրջվել և դիմել Աստծուն, և Աստծո խաղաղությունը, որը ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի մեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով (տե´ս Փիլ. 4.7):
Խաղաղության թշնամիները.
Ինչպես սատանան գայթակղեց Ադամին և Եվային Եդեմի պարտեզում, այնպես էլ նա շարունակում է այսօր բաժանել մեզ՝ քրիստոնյաներիս, Աստծո խաղաղության խոստումից: Մեր հոգիների դեմ մղվող պատերազմում (Ա Պետ. 2.11) սատանան օգտագործում է իր ձեռքի տակ գտնվող բոլոր ռազմավարությունները, որպեսզի շրջանցի և գողանա մեր խաղաղությունը (տե´ս Հովհ. 10.10): Սա այն հիմնական առաքելություններից մեկն է, որ նա և իր դիվային զորքը ունեն (Ա Պետ. 5.8) : Թշնամին ամեն օր կռվում է մեր դեմ՝ մեզ պատահող մարդկանց և իրավիճակների միջոցով: Սատանան նաև կարող է պատերազմել մեր դեմ մեր մտքերի և զգացմունքների միջոցով (տե´ս Ա Տիմ. 3.7, Բ Տիմ. 2.22-26, Ա Հովհ. 3.7-10, 12.15): Եվ չնայած մեր խաղաղության դեմ մղվող այս կատաղի մարտերին՝ մենք կարող են վստահ լինել, որ Աստված ուրախանում է Իր զավակներով և օգնում է մեզ պահպանել մեր խաղաղությունը: Քրիստոսի միջոցով մենք կարող ենք Աստծուն գալ, ընդունել նրան որպես մեր «Աբբա» կամ «Հայր»՝ իմանալով, որ Նրա սերը և խաղաղությունը կատարյալ են:
Ձեր խաղաղության ապահովումը.
Խաղաղություն գտնելու պայքարում դուք մենակ չեք, սուրբգրային այս հատվածները ձեզ կօգնեն գտնելու ձեր կյանքում բացակայող խաղաղությունը.
1. Փոխե´ք ձեր կենտրոնացումը: Աստվածաշունչը մեզ պատվիրում է, որ մեր հայացքը ուղղենք Հիսուսին, Ով մեր հավատի Հեղինակն ու Կատարողն է (Եբր. 12.2): Եթե մենք մեր կենտրոնացումը խնդիրներից փոխենք դեպի Աստված, ապա Նրա խաղաղությունը կլցնի մեր կյանքը:
2. Փոխե´ք հանգամանքները: Երբեմն անհրաժեշտ է հանգիստ վերցնել մեզ անհանգստացնող բաներից: Նույնիսկ Աստծո հզոր մարդիկ և կանայք հուսահատության ավերիչ պահեր էին ունենում (Ա Թագ. 19.3-5, Բ Մնաց. 4.7-10): Փորձե´ք կարճ ժամանակով փոխել ձեր ֆիզիկական դիրքը, նաև ուշադիր զննե´ք ձեր ապրելակերպը: Հնարավոր է, որ դուք խաղաղություն չեք զգում այն պատճառով, որ պարզապես հենված չեք Աստծուն:
3. Փոխե´ք ձեր վերաբերմունքը: Առերեսվե՞լ եք դժվարին իրավիճակի: Աստվածաշունչն ասում է. «Ամեն ինչում գոհությու´ն մատուցեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ համար Քրիստոս Հիսուսով» (Ա Թես. 5.18): Սկսե´ք շնորհակալություն հայտնել Աստծուն հենց հիմա և շուտով փոթորկի մեջտեղում դուք կզգաք Նրա խաղաղությունը:
Աղոթք. Տե´ր, իմ մեջ բացակայում է Քո խաղաղությունը: Խնդրում եմ, օգնի´ր իմ սիրտն ու միտքը ուղղելու քեզ: Ես գիտեմ, որ ներգրավված եմ հոգևոր մարտի մեջ, և սատանան փորձում է խլել իմ խաղաղությունը, որը ես ունեմ Քեզ հետ: Ների´ր ինձ, Տե´ր, որ խաղաղություն եմ փնտրել քեզանից հեռու, և զորացրո´ւ ինձ Քո Խոսքի համաձայն, ամեն:
«Ոչ մի բանի մասին մի´ մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն: Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով» (Փիլ. 4.6-7):
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը