Քեզ պատվիրված է, որ Տիրոջ անունը կանչես և քո Աստծուն ապավինես
Ձեր մեջ ո՞վ է, որ վախենում է Տիրոջից, լսում է Նրա ծառայի ձայնը, խավարի մեջ է քայլում ու լույս չունի, թո՛ղ նա ապավինի Տիրոջ անվանը եւ իր Աստծուն վստահի: Եսայա 50.10
Ի՞նչ պետք է անի հավատացյալը, երբ ոչ թե սրտի, այլ մտային խավարի, մոլորության եւ անորոշության մեջ է: Այս վիճակը պատահում է այն հավատարիմ աշակերտին, ով հնազանդությամբ քայլում է Աստծո կամքը կատարելով, սակայն լինում են պահեր եւ պարագաներ, որ մարդը չի իմանում թե ինչ է անելու, ո՛ր ուղղությամբ է գնալու. իր երկնակամարը ծածկված է ամպերով եւ երկնային լույսը չի փայլում իր ճանապարհին, կարծես կույրի պես խարխափում է խավարի մեջ:
Սիրելի հաավատացյալ, արդյո՞ք սա է քո վիճակն այսօր, եւ ի՞նչ ես անելու այս պարագայում: Լսի՛ր, քեզ պատվիրված է, որ Տիրոջ անունը կանչես եւ քո Աստծուն ապավինես:
Առածը ասում է. «Եթե չգիտես, թե ինչ պետք է անես, ոչինչ մի արա»: Երբ մշուշի ես հանդիպում, առաջ մի գնա, կյանքիդ մեքենան դանդաղեցրու, կամ ավելի ճիշտ՝ նետի՛ր խարիսխդ եւ թույլ տուր դեպքերին, որ իրենց ընթացքով գնան, եւ դու պարզապես վստահիր Տերոջդ:
Երբ Նրան վստահես, Նա պիտի գործի քեզ համար: Երբ մեր մտքերը զբաղված են ուրիշ բաներով եւ սրտերը հորդում են տրտմությամբ, երբ շրջապատող խավարը մեզ սարսափի է մատնում, երբ մենք այդ խավարից ազատվելու համար այս կամ այն կողմ ենք վազում մեր դժվար իրավիճակից դուրս գալու համար եւ չենք անդրադառնում, որ Տերն է մեզ դրել այդ կացության մեջ, այդ ժամանակ Տերը ոչինչ չի կարող անել մեզ համար:
Աստծո խաղաղությունն է, որ հանդարտեցնելու է մեր սրտերն ու մտքերը: Մանուկի նման մեր ձեռքը դնելու ենք Նրա հայրական ձեռքի մեջ, որպեսզի Նա առաջնորդի մեզ Իր սիրո լույսի մեջ: Նա անտառի խավարի մեջ անգամ գիտի ուղիղ ճամփան, Նրա բազուկների մեջ հանգստանանք, վստահելով, որ Նա ամենակարճ ուղիով մեզ պետք է հասցնի ամենաապահով վայրը:
«Վտակներ անապատի մեջ» գրքից