Նա տվեց ինձ խաղաղություն և հանգստություն. բեյսբոլիստ Ջոշ Հեմիլթոն
Ջոշուա Հոլթ Հեմիլթոնը ծնվել է 1981թ-ի մայիսի 21-ին։ Նա զբաղվել է պրոֆեսիոնալ բեյսբոլով։ Խաղացել է շատ հայտնի ակումբներում։ Նա արժանացել է բազում տիտղոսների։ Այո, նա պրոֆեսիոնալ խաղացող է եղել, բայց ունեցել է կախվածություն թմրանյութերից և խմիչքից։
«Թմրանյութն ինձ օգնում էր ավելի շատ ադրենալին ունենալ, որ կարողանայի հաղթել իմ հակառակորդներին։ Երբ դու հաջողություն ես ունենում, ամբոխը ծափահարում է քեզ և միշտ ուզում է՝ առաջատար լինես ու ավելի մեծ փառքի հասնես։ Բեյսբոլն ամեն ինչ էր ինձ համար։
Մանուկ հասակից միշտ լավ մարզավիճակում եմ եղել։ Իմ ամբողջ ժամանակը տրամադրում էի սպորտին։ Երբ սկսեց հաջողությունն ինձ ժպտալ, ես ավելի շատ փող էի վաստակում։ Իմ երազանքն իրականացավ, երբ առաջին անգամ իմ ծնողները դիտեցին իմ խաղը մարզադաշտից։
Մի անգամ, երբ ծնողներիս հետ վերադառնում էինք խաղից տուն, ավտովթարի ենթարկվեցինք. բեռնատար մեքենան հարվածեց մեզ։ Իմ կյանքում 2 կարևոր բան կար, որոնք շատ թանկ էին ինձ համար՝ ծնողներս և բեյզբոլը։ Այդ վթարն ինձանից խլեց թե՛ ծնողներիս, թե՛ բեյզբոլը։ Այսպիսով, ես փնտրում էի տարբեր բաներ, որ իմ ցավը դրանց մեջ թաքցնեմ։ Ես տարվեցի դաջվածքներով, սկսեցի խմել և թմրանյութ օգտագործել։ Ես ավելի ու ավելի անդունդն էի գլորվում։ Ինձ թույլ չէին տալիս մարզվել, ու ես կորցրեցի ամեն ինչ։ Դրանում ոչ ոք մեղավոր չէր, միակ մեղավորը ես էի։
Նախկինում ես ամեն բան ունեի և որևէ մեկի օգնության կարիքը չունեի։ Ամեն բան ինձ մոտ լավ էր ստացվում։ Ես կարծում էի, որ թմրանյութն ու ալկոհոլն են ինձ օգնելու դուրս գալ այս վիճակից։ Գնալով՝ ավելի շատ էի դրանք օգտագործում. կյանքն իմ քաոսի էր վերածվել։ Ես խավարի մեջ էի ու գիտակցում էի, որ չարն է ինձ կառավարում ու ես կործանվում եմ, բայց չէի կարողանում հրաժարվել դրանցից։ Ես տեսիլքներ էի տեսնում, թե ինչպես է սատանան ընկել իմ ետևից ու ես փորձում եմ ընդդիմանալ նրան, բայց չեմ կարողանում հաղթել նրան։ Այդ ամենն ինձ այնքան էր վախեցնում, որ ես, լինելով 25 տարեկան, խնդրում էի տատիկիս՝ ինձ հետ մնա սենյակում։
Եվ ահա մի գիշեր ես խնդրեցի Աստծուն, որ օգնի ինձ, որովհետև այլևս անզոր էի որևէ բան անելու։ Ես խոստովանեցի, որ ձախողել եմ իմ կյանքը։ Ես պատրաստ էի անել այն, ինչ Նա կասի ինձ։ Հետո բացելով Աստվածաշունչը՝ կարդացի հետևյալ համարը.
Հակոբոս 4.7-ը. «Արդ հնազանդեցէք Աստուծուն, և հակառակ կացէք սատանային, եւ նա կփախչի ձեզանից»։
6 ամիս շարունակ ես պատերազմի մեջ էի սատանայի հետ. նա ուզում էր ոչնչացնել ինձ և ծաղրում էր ինձ։ Ես որոշում կայացրի հետևել Հիսուսին և Հիսուսը փրկեց ինձ։ Նա տվեց ինձ խաղաղություն և հանգստություն։ Նա ազատեց ինձ իմ տառապանքներից։ Եվ Հիսուսի շնորհիվ 2005-2008թթ. ես նորից սկսեցի խաղալ Ամերիկայի Բեյսբոլի Լիգայում։ Փառք Աստծուն, որ Նա փոխեց իմ կյանքն ու փրկեց ինձ։
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը