Իսկական ընկերոջ երեք հատկությունները
Իսկական ընկերներ (ընկերներ, որ կմնան մինչ կյանքի վերջ) գտնելը շատ դժվար է, ամենամեծ պատճառն այն է, որ ժամանակի ընթացքում մարդիկ փոխվում են, ինչպես՝ և մենք: Բայց երբ մեր ընդհանուր արժեքները, կյանքում ունեցած փորձառությունները և ապրած տարիները համընկնում են, մենք հայտնաբերում ենք, որ մեր կողքին կա մի ընկեր, ում հետ կարող ենք ձեռք-ձեռքի տալ:
Սա քրիստոնյա լինելու մեծագույն առավելություններից է: Այս դեպքում կասկածներ գրեթե չկան մեր ընդհանուր արժեքների շուրջ, որ ունենք Աստծո և աստվածաշնչի վերաբերյալ: Այսպիսով շատ բաներ ընկերության մեջ ավելի պարզ են դառնում: Բայց միևնույնն է լինում են խոչընդոտներ ամենօրյա ընկերական հարաբերություններում:
Եվ նույնիսկ այդ դեպքում կլինեն ընկերներ, որ մեր կողքին կմնան կյանքի փոփոխական ժամանակներում: Դրանք այն ընկերներն են, որ մեզ ավելի մոտ կկանգնեն, քան հարազատ եղբայրը, քանի որ մենք նրանց համար պարզապես կարևոր ենք:
Իսկական ընկերների համար ամենակարևորը մեր փոխհարաբերությունն է Աստծո հետ
«Բայց դուք նախ խնդրեք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը, և այս բոլոր բաները պիտի ավելացվեն ձեզ»: Մատթեոս 6:33
Իսկական ընկերներն ունեն մեկ հոգևոր առաջնահերթություն իրենց և մյուսների համար. Աստված և կյանքի Նրա արդար ճանապարհը: Մնացած բաները խիստ երկրորդական են: Մինչ մենք կխոսենք քաղաքականությունից, սպորտից կամ աշխատավայրի գործերից, նրանց մտքում Աստծո համար տեղ կա: Նրանց համար կարևոր է մեր մտածելակերպը, թե ինչպես ենք քննարկումներ կատարում, ինչպես ենք արձագանքում կամ առհասարակ ինչպիսի վերաբերմունք ունենք այս բոլոր բաների շուրջ: Նրանք մտահոգված են մեր սրտի վիճակով և մտածում են ինչպես մեր սիրտը, բնավորությունն ու ներաշխարհը համապատասխանեցնել Աստծո կամքին:
Իսկական ընկերը սիրում է անվերապահորեն, բայց նաև ցանկանում է, որ մենք փոխվենք
«Բարեկամը միշտ է սիրում, ու եղբայրը նեղ ժամանակի համար է ծնված»: Առակաց 17:17
Անշուշտ մենք կարիք ունենք սիրված լինելու: Տղամարդիկ չեն ուզում օգտագործել այս հասկացությունը՝ սեր, սակայն դա իրոք այդպես է: Շատ անգամ այս սերը կգերազանցի արյունակից եղբոր սիրուն, որովհետև կլինի քիչ անկալելի և ավելի գթառատ: Սա անվերապահ սեր է, առանց նախապայմանների: Սակայն դա չի նշանակում, որ այն ընդունում է անհազանդությունը, առանց փոխվելու ցանկության, այլապես դա իրական սեր չէր լինի: Մենք կարիք ունենք եղբայրների, որոնք մեզ կսիրեն ու կընդունեն ինչպիսին մենք կանք, բայց նաև կցանկանան, որ ավելի լավ ապագա ունենանք, իսկ դա փոփոխություն է պահանջում: Սա է իսկական եղբայրական սերը:
Իսկական ընկերները հասնում են օգնության, երբ մենք դրա կարիքն ունենք
«Եվ ահա, մարդիկ մահիճով անդամալույծ մի մարդ բերեցին և ուզում էին նրան ներս տանել ու Հիսուսի առջև դնել: Եվ երբ ամբոխի պատճառով նրան ներս տանելու ճանապարհ չգտան, բարձրացան կտուրը, և առաստաղից կախելով ՝ մահիճով իջեցրին մեջտեղ՝ Հիսուսի առաջ»: Ղուկաս 5:18-19
Այո, այս պատմությունը ցնցող է: Այս մարդն ուներ ընկերներ, և նրանք նրա համար լավագույնն էի ցանկանում: Նրանք ունեին շատ ամուր ընկերություն: Նրանք անցան ամբոխի միջով, առաստաղը քանդեցին և իրենց ընկերոջը զգուշորեն և մտադրված իջեցրին ուղիղ Հիսուսի ոտքերի մոտ: Ա՜յ թե ընկերություն է, այնպես չէ՞:
Ես շատ անգամներ եմ կարդացել այս պատությունը և ինքս ինձ հարցրել. «Ես այդպիսի ընկերներ ունե՞մ». ընկերներ, որոնք անմիջապես օգնության կհասնեն, անգամ եթե դա նրանցից գին պահանջի: Մենք բոլորս պետք է այս հարցն ինքներս մեզ ուղղենք:
Բայց կա ևս մեկ շատ ավելի կարևոր հարց, որ պետք է տանք ինքներս մեզ: Իսկ դու ինքդ այդպիսի՞ ընկեր ես: Արդյո՞ք քեզ համար կարևոր է, թե քո ընկերն ինչ փոխհարաբերություն ունի Աստծո հետ: Դու անվերապահորեն սիրո՞ւմ ես և ցանկանում ընկերոջդ փոխված տեսնել: Դու շտապո՞ւմ ես օգնության հասնել ընկերոջդ: Եթե ոչ, ուրեմն այսօր դարձիր այդպիսի ընկեր: Կյանքի ճանապարհին դու կբացահայտես, որ իսկական ընկեր լինելով, ինքդ ձեռք կբերես իսկական ընկերներ:
Ուղղակի լսիր այս խոսքերը մեր մեծագույն ընկերոջից՝ մեղավորների ընկեր Հիսուս Քրիստոսից. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան սա, որ իր կյանքը դնի իր բարեկամի համար»: Հովհաննես 15:13
Այս հոդվածը հատված է Վինչի Միլլերի «20 դասեր, որոնք մարդկանց դարձնում են ընկերներ» գրքից:
Աղբյուրը՝ churchleaders.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը