Աստծո հանդեպ մեր վստահությունը հաճելի է Նրան, և մենք արդար ենք համարվում Աբրահամի նման, քանի որ հնազանդվում ենք Նրա՝ վաղվա օրը Նրա ձեռքերի մեջ վստահելու կոչին (տե՛ս Հռովմայեցիս 4.3): Հիսուսը մեզ նույնպես կոչ է անում այս ապրելակերպին. «Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։ Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. Որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ»( Մատթեոս 6.31-33):

Հիսուսն այնուհետև ավելացնում է. «Ուրեմն էգուցվայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ. Օրուայ համար բաւական է իր նեղութիւնը» (6:34): Հիսուսը նկատի չունի, որ մենք չպետք է նախօրոք ծրագրենք: Փոխարենը, Նա պարզապես ասում է. «Մի՛ մտահոգվեք և մի՛ անհանգստացեք վաղվա օրվա համար»: Երբ մենք մտածում ենք այդ մասին, տագնապները պատում են մեզ այն մտքից, թե ինչ կարող է պատահել վաղը: Մեզ անընդհատ հետապնդում են երկու բառեր՝ «Իսկ եթե...»

Ի՞նչ կլինի, եթե տնտեսությունը ձախողվի և ես կորցնեմ իմ աշխատանքը: Ինչպե՞ս է գոյատևելու մեր ընտանիքը: Ի՞նչ կլինի, եթե կորցնեմ բժշկական ապահովագրությունը: Ի՞նչ կլինի, եթե իմ հավատքը ձախողվի փորձության ժամանակ: Բոլորս էլ ունենք «ինչ կլինի, եթե...» անհանգստություններ:

Հիսուսն ընդհատում է մեր «ինչ կլինի»-ն և ասում է մեզ. «Քո երկնային Հայրը գիտի, թե ինչպես հոգ տանի քո մասին: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ քո Հայրը գիտի քո բոլոր կարիքները, և Նա հավատարիմ է՝ քեզ կերակրելու, հագցնելու և ապահովելու քո բոլոր կարիքները»:

«Մտիկ արէք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, եւ ոչ էլ հնձում, եւ ոչ ամբարների մէջ ժողովում, եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նորանց. Չէ՞ որ դուք նորանցից աւելի լաւ էք։ Հիմա՝ ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վերայ մէկ կանգուն աւելացնել։ Եւ հագուստի համար ի՞նչ էք հոգս անում. Մտիկ արէք դաշտի շուշաններին, թէ ինչպէս են մեծանում. Ոչ ջանք են անում՝ եւ ոչ մանում։ Բայց ասում եմ ձեզ, թէ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մէջ նորանց մէկի նման չ’հագաւ» (Մատթեոս 6.26-29):

Մենք ուրախությամբ տալիս ենք մեր «երեկը» Տիրոջը՝ Նրան հանձնելով մեր անցյալի մեղքերը, անհաջողությունները, կասկածներն ու վախերը: Եվ ինչու՞ նույնը չանենք մեր վաղվա օրվա համար:

Պողոսն ասում է. «Եղբա՛րք, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մէկ բան կայ, ետեւի բաները մոռանալով, դէպի առաջի լինողներն եմ նկրտում» (Փիլիպպեցիս 3.13): Ես կոչ եմ անում քեզ՝ քո բոլոր «վաղվա օրերն» վստահես Տիրոջը, և թո՛ղ քո ներկայիս փորձությունը քարոզի Նրա հավատարմության ուղերձը:

Հեղինակ՝ Դեյվիդ Ուիլքերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.