Իրական ընկերները ճանաչվում են դժվարության ժամանակ
Գիտե՞ք տարբերությունը ընկերոջ և ծանոթի միջև: Ճգնաժամի ժամանակ է երևում իրական ընկերը, երբ բոլորը դուրս են գալիս քո կյանքից, իսկ իրական ընկերները գալիս են քո կյանք:
Եթե չգիտես, թե ովքեր են քո իրական ընկերները, սպասի՛ր քո հաջորդ փորձությանը: Քո ծանոթները կարող են բավականին արագ անհետանալ: Բայց քո իրական ընկերները կմնան քո կողքին՝ անկախ ամեն ինչից:
Գիտե՞ս, որ Աստվածաշունչն ասում է, որ եթե նույնիսկ մարդը երես է թեքել Աստծուց, նա դեռ կարիք ունի ընկերների: Հոբ 6.14 – ում ասվում է. «Հալումաշ եղողին ողորմութիւն է պէտք իր բարեկամիցը, թէեւ նա Ամենակարողի վախն էլ թողած լինէր»։
Առաջին բաներից մեկը, որ մարդը կարիք ունի դժվարության ժամանակ, այլ մարդիկ են: Քեզ անհրաժեշտ է աջակից մի խումբ՝ հասուն քրիստոնյա եղբայրներ ու քույրեր, ովքեր կսիրեն քեզ, հոգ կտանեն քո մասին, կսփոփեն քեզ, կքաջալերեն, կաջակցեն և իմաստուն խորհուրդներ կտան քեզ: Այդպիսի անձինք քեզ «նրբորեն» կուղղորդեն դեպի Հիսուսը, երբ կյանքի դժվարությունները գայթակղեցնեն քեզ՝ հրաժարվելու քո հավատքից:
Այդ պատճառով ես երբեք չեմ դադարի խոսել մտերիմ քրիստոնյա ընկերներ ունենալու կարևորության մասին, ընկերներ, որոնց վրա կարող ես հույս դնել: Նրանք կարող են լինել քո եկեղեցուց կամ ընկերներ, որոնց հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում և որոնց հետ պարբերաբար աղոթում ես:
Կառուցի՛ր ապահով «ցանց» քո կյանքում, այնպես որ երբ անպիտան քամիները գան, դու ունենաս իսկական ընկերներ, ովքեր կլինեն քո կողքին: Երբ դժվարության հանդիպես, նրանց առաջինն ես դիմելու:
Գուցե մտածում ես. «Բայց մեկ րոպե: Մի՞թե պետք չէ նախ աղոթել դժվարության ժամանակ, մինչ այլոց դիմելը»: Այո՛, այդպես հիանալի կլինի, եթե կարողանաս: Բայց ճշմարտությունն այն է, որ դժվարության պահին դու հաճախ այնպիսի ընկճախտի ու ցնցումների մեջ ես հայտնվում, որ չգիտես անգամ՝ ինչ աղոթել: Հենց այդ պահին քեզ պետք են այլ մարդիկ, ովքեր կաղոթեն քեզ համար:
Քեզ հարկավոր է, որ քո իրական ընկերներն ասեն. «Մենք կաղոթենք քեզ համար: Մենք քո կողքին կլինենք, ինչ էլ որ պատահի»:
Դու ինքդ էլ եղի՛ր իրական ընկեր քո այն քրիստոնյա եղբայրների ու քույրերի համար, ովքեր անցնում են ճգնաժամային փուլերով: Եվ երբ ինքդ բախվես դժվարությունների, կտեսնե՛ս, որ քեզ հենց այդ նույն մարդիկ են մխիթարում:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com